24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ ենք խմում պատերազմների դառնության բաժակը

– Հա՛յր, լսել ենք, որ իբրև մեկին ասել ենք, թե պատերազմ է լինելու: Դա ճի՞շտ է:

– Ես ոչինչ չեմ ասում, իսկ ժողովուրդն, ահա, ասում է այն ամենն ինչ խելքին է փչում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ՝ ո՞ւմ պետք է այդ մասին ասեմ…

– Հա՛յր, ինչպիսի՜ բարբարոսություն է պատերազմը…

– Եթե մարդիկ «չազնվացնեին» մեղքն, ապա այդպիսի բարբարոսության էլ չէին հասնի: Բայց բարոյական աղետն է՛լ ավելի մեծ բարբարոսություն է: Մարդիկ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես քայքայվում են: Մի մարդ ինձ ասաց. «Մարդիկ Աթենքը ջունգլիներ են կոչել, բայց արի ու տես, որ ոչ ոք այդ ջունգլիներից չի հեռանում: Բոլորը «ջունգլի» են ասում և հավաքվում են այդ ջունգլիներում»: Ո՜ւր են հասել մարդիկ: Կենդանիների մակարդակի: Գիտեք, թե ինչպես է կենդանիների մոտ. նրանք նախ գոմ են մտնում, արտաթորում են, հետո գոմաղբն սկսում է քայքայվել և կենդանիները տաքանում են: Նրանք իրենց լավ են զգում գոմում և չեն ուզում հեռանալ այնտեղից: Ուզում եմ ասել, որ մարդիկ էլ են այդ կերպ զգում մեղքի «տաքությունը» և չեն ուզում հեռանալ: Նրանք գարշահոտություն են զգում, սակայն ցանկություն չունեն հեռանալու: Եթե մի նորեկ գոմ մտնի, ապա չի դիմանա այդ գարշահոտությանը: Իսկ մեկ ուրիշն արդեն սովորել է, մշտապես գոմում է ապրում և այդ ժանտահոտությունն այլևս չի անհանգստացնում իրեն:

– Հա՛յր, իսկ ոմանք արդարանում են, ասելով, որ այդպիսի մեղավոր կյանքը մեր օրերում չէ, որ սկսվել է: «Տես,- ասում են,- թե ի՜նչ էր կատարվում հին Հռոմում»…

– Այո, բայց Հռոմում մարդիկ հեթանոս էին, կուռքերին էին պաշտում: Պողոս Առաքյալն էլ (Հռոմեացիներին ուղղված նամակում) Սուրբ Մկրտություն ընդունած, բայց դեռևս վատ սովորություններից չհեռացած հեթանոսներին է դիմում (Հռոմ. 1:24-32): Պետք չէ յուրաքանչյուր դարաշրջանի մեծագույն անկումներն օրինակ վերցնել: Մեղքն այսօր նորաձև են դարձրել: Խենթանալ կարելի է, ախր մենք ուղղափառ ժողովուրդ ենք և տես, թե ո՜ւր ենք հասել: Իսկ ուրիշ ազգերի մասին էլ չեմ խոսում…

Բայց ամենավատն այն է, որ այժմյան մարդիկ՝ ամբողջությամբ մեղքի մեջ թաղվելով, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը չի հետևում ժամանակի ոգուն, մեղք չի գործում, գոնե մի փոքր երկյուղածություն ունի՝ նրան հետամնաց են անվանում: Ինչ-որ մեկի մեղք չգործելը խոցում է նրանց: Նրանք մեղքն առաջընթաց են համարում: Իսկ դա ամենավատն է: Եթե մեղքի մեջ ապրող ժամանակակից մարդիկ դա գոնե ընդունեին, ապա Աստված կողորմար նրանց: Բայց նրանք արդարացնում են այն, ինչ արդարացում չունի և ներբողներ են նվիրում մեղքին:

Իսկ մեղքն առաջընթաց համարել ու ասել, թե բարոյականությունն իր դարն ապրել է, դա առաջին հերթին ամենասարսափելի հայհոյանքն է Սուրբ Հոգու նկատմամբ: Այդ պատճառով էլ, եթե ինչ-որ մեկն, աշխարհում ապրելով, ճգնում է, իր կյանքն անարատության մեջ է պահում, ապա դա արժեք ունի: Այդպիսի մարդկանց մեծ վարձք է սպասվում:

Նախկինում անառակ կամ հարբեցող մարդն ամաչում էր նույնիսկ շուկա գնալ, որովհետև մարդիկ կծիծաղեին իր վրա: Իսկ եթե կինն էր թեթևաբարո կյանք վարում, ապա վախենում էր նույնիսկ քիթը տանից դուրս հանել: Եվ կարելի է ասել, որ դա մեղքից ետ պահող մի ուժ էր հանդիսանում: Իսկ այսօր, եթե մարդ ճիշտ է ապրում, եթե օրինակ՝ աղջիկը երկյուղածությամբ է ապրում, ապա նրա մասին ասում են.

«Ի՞նչ է, լուսնի՞ց է ցած ընկել»: Եվ ընդհանրապես, նախկինում, երբ աշխարհիկ մարդիկ մեղք էին գործում, ապա տառապում էին մեղավորության զգացումից և ավելի խոնարհ էին դառնում: Նրանք չէին ծաղրում հոգևոր կյանքով ապրողներին, այլ ընդհակառակը՝ հիանում էին նրանցով: Իսկ մեր օրերում մեղք գործողներն իրենց մեղավոր չեն զգում: Մյուսների հանդեպ էլ հարգանք չունեն: Ամեն բան հողին են հավասարեցրել: Եթե մարդ աշխարհի կանոններով չի ապրում, ապա մեղավորները նրան ծաղրի առարկա են դարձնում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ