Մանկական անքնություն․ ինչպես վերականգնել երեխայի քունը
Ինչպես չափահաս մարդը այնպես էլ երեխան կարող է տառապել անքնությամբ: Դրա պատճառները բազմազան են սկսած կոֆեինի չարաշահումից, վերջացրած սթրեսով:
Անքնությունը կարող է լինել երկու տեսակ, երկարատև և վաղանցիկ կամ կարճատև
Վաղանցիկ անքնությունը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ և առանց հոգեբանական կամ դեղորայքային միջամտության հեշտությամբ անցնել: Սա հիմնականում լինում է ինչ-որ հիվանդության կամ դեղորայքի ընդունման պատճառով:
Երկարատև անքնությունը կարող է տևել մեկ ամիս և նույնիսկ ավել, հնարավոր է՝ ի հայտ գալով շաբաթական 3 անգամ: Այս տեսակը հիմնականում ի հայտ է գալիս որպես որոշ առողջական խնդիրների հետևանք, ֆիզիկական ցավերի, դեպրեսիաների պատճառով, և այլն:
Բժիշկները մանկական անքնության մի տեսակ էլ են առանձնացնում, երբ երեխան ընդդիմանում է և ինքնուրույն չի ուզում քնել:
Անքնության պատճառները կարող են նաև շատ պարզ լինել՝ աղմուկը, սենյակի ջերմությունը, լուսավորությունը, սնունդ, ընդունած հեղուկի տեսակ, , հնարավոր են ավելի լուրջ պատճառներ՝ քոր կամ էկզեմաներ, ընկճախտ, ընկճախտի դեմ ընդունվող դեղորայքի ազդեցություն, ալերգիաներ, ասթմա, փակված շնչուղիներ կամ այլ հիվանդություններ:
Եթե երեխան մեկ երկու գիշեր վատ է քնում դա դեռ չի ախտորոշվում որպես անքնություն: Համոզվեք որ կան նաև հետևյալ ախտանիշներից մի քանիսը
Քուն մտնելու դժվարություն կամ առավոտյան շատ վաղ ժամի արթնանալու սովորություն
Մահճակալ մտնելուց առաջ անհանգստության, վախի զգացում, չքնելու մտադրություն
Օրվա ընթացքում քնատություն, թմրածություն
Ընկճախտ
Գերակտիվություն
Նյարդային պահվածք, տրամադրության տատանումներ
Ագրեսիվություն
Հիշողության անկում
Դպրոցում վարքի վատացում
Անհրաժեշտ է միշտ զգոն լինել երեխայի ինքնազգացողության և վարքի բոլոր փոփոխությունների նկատմամբ, բայց նկատելու հետ մեկտեղ, որոշումներ և ինքնաբուժում պետք չէ նշանակեք, անպայման դիմեք մասնագետի օգնությանը:
Անքնության բուժում ու վերացում, քնի վերականգնում
Ի՞նչ կարելի է անել, երբ երեխայի մոտ անքնություն է նկատվում և այն արդեն տևական բնույթ ունի:
Մի քանի պարզ քայլեր ձեռնարկելով կարելի է հասնել մեծ արդյունքների:
Հաշվի առնելով, որ 6-12 տարեկան երեխան պետք է քնի 10 -11 ժամ, իսկ դեռահասները առնվազն 9 ժամ, կազմակերպեք նրանց անկողին մտնելու գրաֆիկը:
Անկախ շաբաթվա օրից, միշտ նույն ժամին անկողին մտնելն ու արթնանալը օգնում են քնի կարգավորման գործում: Այստեղ կարևոր են և՛ սենյակի լուսավորությունը և՛ մահճակալի հարմարավետությունը: Սենյակը անպայման օդափոխեք մինչև երեխայի պառկելը: Սենյակը պետք է լինի մութ, հեռու աղմուկից, տաք, բայց ո՛չ շոգ: Եթե երեխայի մոտ մթության հանդեպ վախ կա թույլ լույսով փոքրիկ լամպիկը թույլատրելի է:
Մինչ անկողին մտնելը մոտ 4 ժամ առաջ արգելեք օտագործել կոֆեին պարունակող հեղուկներ: Դրանց մեջ մտնում են ինչպես քաղցր գազավորված ըմպելիքները, էներգետիկ ըմպելիքները, այնպես էլ թեյերը:
Կարևոր է նաև քնելուց առաջ հոգեկան և ֆիզիկական հանգիստ վիճակը: Առնվազն 1,5-2 ժամ առաջ պետք է վերջացնել դասերը, հեռուստացույց դիտելը, համակարգչային խաղերն ու այլ ակտիվ զբաղմունքները: Երեխային չարժի հիշեցնել նրան անհանգստացնող, տհաճ խնդիրների մասին, խոսեք հանգիստ տոնով: Կարելի է թեման շեղել և խոսել այլ կարևոր հարցերից ու թեմաներից, որոնք գիտեք, որ հաճելի են նրա համար, միևնույն ժամանակ հանգստության զգացում են առաջացնում, որ ոչ թե ակտիվություն , ոգևորություն առաջացնեք, գրգռեք նրա հուզականությունը, այլ՝ հանդարտություն պարգևեք: Օր.՝ խնդրեք երեխային փակել աչքերն ու պատկերացնել ծովափ, արևի տաք ճառագայթներ, կանաչ խոտ, ծաղկազարդ տարածք: Սովորեցրեք խորը շնչել, հանգիստ արտաշնչել:
Հանեք ժամացույցները նրա ննջասենյակից:
Եթե անքնությունը երկար ժամանակ է ձգձգվում, կարելի է դիմել հոգեբանի օգնությանը:
Դեղորայքային միջամտությունը երեխաների դեպքում միայն հազվագյուտ անհրաժշտության դեպքում է խրախուսվում:
Սիրով՝
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջից