31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրիստոնեությունը և սեռականությունը

Այսօր մարդիկ հաճախ ասում են. «Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա»։ Սրանից կարելի է եզրակացնել 2 բան։ Ասողները կարող են նկատի ունենալ, որ ամոթալի չէ թե՛ այն, որ մարկությունը բազմանում է սեռական ճանապարհով և թե այն, որ բազմանալու այդ միջոցը ուղեկցվում է հաճույքով։ Այսպես կարծողները ճիշտ ուղու վրա են։

Քրիստոնեությունը ըստ ամենայնի համաձայն է այդ մտքի հետ։ Խնդիրն ամենևին բազմանալու միջոցի և կամ հաճույքի մեջ չէ: Հնում քրիստոնեական վարդապետներն անգամ ասում էին.  «Եթե մարդը պատվիրանազանցության արդյունքում անկում չապրեր, նա սեռական հարաբերություններից ավելի մեծ հաճույք կստանար, քան այսօր»։ Ես գիտեմ, որ որոշ անկիրթ քրիստոնյաներ տպավորություն են ստեղծել, թե իբր քրիստոնեության տեսանկյունից սեռական հարաբերությունները, մարմինը, մարմնական հաճույքները ինքնին չարիք են։ Նրանք սխալվում են։

Քրիստոնեությունը թերևս միակն է մեծ կրոնների շարքում, որը դրական է վերաբերվում մարմնին, որը կարծում է, որ մատերիան բարիք է, որ Ինքն Աստված մի անգամ զգեստավորվեց մարդկային մարմնով, որ մեզ ևս ինչ-որ նոր մարմին է տրվելու երկնքում, որը դառնալու է մեր երջանկության, մեր գեղեցկության, մեր ուժի էական ու բաղկացուցիչ մասը։ Քրիստոնեությունը ամուսնությունը մեծարում է ավելի շատ, քան ցանկացած այլ կրոն, և գրեթե բոլոր  հանրահայտ պոեմները սիրո մասին գրված են քրիստոնյաների ձեռքով։ Եթե ինչ-որ մեկը պնդում է, թե սեռական հարաբերությունները չարիք են, քրիստոնեությունն իսկույն առարկում է։

Սակայն երբ մարդիկ այսօր ասում են. «Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա», նրանք կարող են նկատի ունենալ նաև, որ չկա ոչինչ դատապարտելի ստեղծված այն իրավիճակի մեջ, որը տիրում է այսօր։ Եթե նրանք այդ նկատի ունեն, ապա կարծում եմ, որ նրանք իրավացի չեն։ Կարծում եմ, որ այսօրվա վերաբերմունքը սեռականությանը շատ ու շատ ամոթալի է։ Ոչ մի ամոթալի բան չկա սնունդը վայելելու մեջ, սակայն մարդկության համար ծայրահեղ ամոթալի կլիներ, եթե երկիր մոլորակի բնակչության կեսը սնունդը դարձներ իր կյանքի գլխավոր հետաքրքրությունը և ժամանակը վատներ բերանի ջրերը բաց թողած՝ ուտեստների պատկերներ դիտելով։

Ես չեմ ուզում ասել, թե մենք ձեզ հետ պատասխանատու ենք ստեղծված իրավիճակի համար. մենք տառապում ենք աղճատված ժառանգականությունից, որը մեզ փոխանցել են մեր նախնիները։ Բացի այդ մենք մեծացել ենք զսպված չլինելու քարոզների տեղատարափի տակ։ Կան մարդիկ, ովքեր սեփական եկամուտի համար ցանկանում են, որ մեր սեռական բնազդները մշտապես արթուն լինեն, որպեսզի կպչուն մտքերով կամ կրքով գերված մարդը ի վիճակի չլինի ետ կանգնել պահանջի բավարարմանն ուղղված ծախսերից։ Աստված գիտի մեր այս վիճակի մասին, և երբ Նա մեզ դատի, հաշվի պիտի առնի բոլոր այն դժվարությունները, որ մենք այս ասպարեզում հաղթահարել ենք։ Կարևոր է միայն այն, որ մենք ի սրտե և համառորեն  հաղթահարենք այդ դժվարությունները։

Մենք չենք կարող ապաքինվել ավելի շուտ, քան այդ կցանկանանք։ Նրանք, ովքեր իրապես օգնություն են փնտրում, ստանում են այն։ Սակայն ժամանակակից շատ մարդկանց համար անգամ այդ ցանկանալը դժվար է։ Հեշտ է մտածել, թե մենք ինչ-որ բան ուզում ենք, երբ իրականում ամենևին էլ  չենք ցանկանում այդ։ Վաղուց մի հայտնի քրիստոնյա ասել է, որ երբ ինքը երիտասարդ էր, անընդհատ աղոթում էր, որպեսզի աստված իրեն ողջախոհություն շնորհի։ Եվ միայն շատ տարիներ հետո նա գիտակցեց, որ քանի դեռ իր շուրթերը շշնջում էին. «Տեր իմ, ինձ ողջախոհ դարձրու», սիրտը թաքուն ավելացնում էր. «Միայն թե, խնդրում եմ, ոչ հիմա»։ Նույնը կարող է լինել  նաև այլ առաքինություններ խնդրելու աղոթքներում։

Գոյություն ունեն 3 պատճառներ, թե ինչու է ներկայում մեզ համար դժվար ողջախոհության ձգտելը, դեռ չեմ ասում դրան հասնելը։

Առաջին հերթին մարդկային աղավաղված բնությունը, դևերը, որ գայթակղում են մեզ և տարփանքի արդի ողջ քարոզչությունը միավորվելով ներշնչում են մեզ, որ կրքերը, որոնց մենք հակառակվում ենք, միանգամայն բնական են, բանական և ուղղված մեր առողջության ամրապնդմանը։ Արդյունքում հաճախ կարծում ենք, որ դրանց դեմ պայքարը մի տեսակ հակաբնական, այլասերված բան է։ Գովազդ գովազդի ետևից, ֆիլմ ֆիլմի ետևից, վեպ վեպի ետևից  սեռական չափազանցվածությունները կապում ու զուգահեռում են ֆիզիկական առողջության, բնականության, երիտասարդության, բաց և ուրախ խառնվածքի հետ։

Նման զուգահեռը ստահոդ է, և ինչպես յուրաքանչյուր ազդեցիկ սուտ, այն միախառնված է ճշմարտության հետ, որի մասին խոսել ենք քիչ առաջ. սեռական ձգտումն ինքնին (բաց առյալ ավելորդությունները և այլասերումները) բնական և առողջ բնազդ է։ Սուտն ու կեղծը այստեղ այն մտայնությունն է, թե ցանկացած սեռական հարաբերություն, որը դուք տվյալ պահին ցանկանում եք, առողջ է և բնական։ Եթե անգամ քրիստոնեությունը մի կողմ դնենք, ապա հասարակ տրամաբանության տեսանկյունից անգամ սա անիմաստ է. ակնհայտ է, որ մեր բոլոր ցանկություններին տեղի տալը հանգեցնում է սեռական անկարողությանը, հիվանդություններին, խանդին, ստին և այն ամենին, ինչը ոչ մի կերպ չի զուգահեռվում առողջության, ուրախ վարքագծի և բաց բնավորության հետ։

Երջանկության հասնելու համար (անգամ այս աշխարհում) անհրաժեշտ է լինել հնարավորինս զուսպ։ Այս իսկ պատճառով անհիմն է կարծելը, որ յուրաքանչյուր ուժեղ ցանկություն բնական է ու բանական։ Առողջ մտածող և կիրթ յուրաքանչյուր մարդու պետք է հատուկ լինեն որոշակի սկզբունքներ, որոնցով առաջնորդվելով՝ նա կյանքի է կոչում որոշ ցանկություններ, և մերժում՝ մյուսները։ Մեկն առաջնորդվում է քրիստոնեական սկզբունքներով, մյուսը՝ առողջաբանական, երրորդը՝ հասարակական։

Իրական բախումը տեղի է ունենում ոչ թե քրիստոնեության և «բնության» միջև, այլ քրիստոնեական սկզբունքների և «բնությունը» վերահսկելու սկզբունքի միջև։ Չէ՞ որ «բնությունը» (այսինքն բնական ցանկությունները) այսպես թե այնպես մենք վերահսկում ենք, եթե իհարկե մտադիր չենք կործանել մեր կյանքը։

Պետք է խոստովանել, որ քրիստոնեական սկզբունքները մյուսներից ավելի խիստ են, բայց քրիստոնեությունն ինքը օգնում է հավատացող անձին հետևել դրանց, այն դեպքում, երբ այլ սկզբունքներին հետևելով՝ դուք արտաքին ոչ մի օգնություն չեք գտնի։

Շարունակելի:

Քլայվ Լյուիսի «Սոսկ քրիստոնեություն» (Клаив Льюис, “Просто Христианство”)

sarkavagagirq.net

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ