Ինչ է կատարվում անբաժան զույգի հետ. Ժամանակ
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ հրապարակված հարցազրույցին ի պատասխան, որում Քոչարյանը կրկին իր անհամաձայնությունն էր հայտնել սահմանադրական փոփոխություններին, ՀՀԿ-ականների խոսքում «կարմիր թելի» նման անցնում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղմացրել էր իր խոսքի տոնայնությունը:
Քոչարյանը նոյեմբեիի 14-ին հարցազրույց էր տվել գերմանական «Դոյչե Վելե» հեղինակավոր հեռուստաընկերությանը, որի որոշակի մանրամասներ երեկ հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը: Երկրորդ նախագահը կրկին իր անհամաձայնությունն էր հայտնել սահմանադրական փոփոխություններին` ասելով, որ իր տպավորությամբ ստեղծվում է միակուսակցական համակարգ եւ «ղեկավարող, առաջնորդող» նոր ուժ ձեւավորելու մտադրություն կա:
ՀՀԿ-ականներն, ինչպես եւ սպասվում էր, իրենց անհամաձայնությունն են հայտնել Քոչարյանի հետ: Եվ ՀՀԿ Աժ խմբակցության ղեկավարը, եւ ՀՀԿ խոսնակը հայտարարելով, որ Քոչարյանը սխալվում է, ըստ էության արձանագրել են մի բան, որ նրա տոնայնությունը փոխվել է՝ ի տարբերություն նախորդ հարցազրույցի:
Նախորդ հարցազրույցը, որն, այսպես ասած, միհարցանի էր եւ վերաբերում էր զուտ սահմանադրական փոփոխություններին, Քոչարյանն ունեցել էր հոկտեմբեր ամսին: Փոխվել է նրա տոնայնությունը, թե ոչ` երեւի այս պարագայում կարեւոր չէ, կարեւոր է ՀՀԿ-ականների գնահատականը, որ փոխվել է: Սրանով ՀՀԿ-ն ակնհայտորեն փորձում է ցույց տալ կամ ակնարկել, որ Ռոբերտ Քոչարյանը զիջել է դիրքերը նախորդ հարցազրույցի համեմատ: Թե ինչի արդյունքում է զիջել, այնքան էլ պարզ չէ, համենայնդեպս ՀՀԿ-ականների ակնարկները երեւի թե ենթադրում են, որ Քոչարյանը զիջել է Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն առ այսօր որեւէ կերպ ուղղակի արձագանք չի տվել Քոչարյանի եւ ոչ մի հարցազրույցի` ըստ ամենայնի փորձելով ընդգծել, թե նրան չի համարում իր անմիջական մրցակից կամ իր կափբրի գործիչ: Բացառված չէ, որ Սարգսյանը որեւէ կերպ Քոչարյանի դիրքորոշմանն անդրադառնա հեռուստատեսային հարցազրույցի միջոցով, որը, ըստ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովի, կլինի հանրաքվեից մի քանի օր առաջ, եւ որում կհնչեն Սարգսյանի տեսակետ ները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Սակայն հասարակությանն, իհարկե, ոչ թե փոփոխությունների, այլ Քոչարյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետներն են հետաքրքրում` հասկանալու համար, թե ի վերջո ինչ է կատարվում երբեմնի անբաժան թվացող զույգի միջեւ, եւ արդյոք ներկայումս բաժանումն իրական է, թե թվացյալ կամ խաղարկվող:
Խնդիրն այն է, որ այս բաժանումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը մի շարք կոմբինացիաների միջոցով ներքաղաքական կյանքը բերել են մի վիճակի, երբ դրա գլխավոր ինտրիգն, ըստ էության, մնացել են Սարգսյան-Քոչարյան հարաբերությունները:
Մի բան, որը գոնե 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ հատկապես մարտի 1-ից հետո շատ դժվար էր պատկերացնել, սակայն դա այսօր, ըստ էության, իրողություն է, ըստ որում` ընդհանուր առմամբ տխուր իրողություն, քանի որ նման ինտրիգը խոսում է հայաստանյան հասարակական-քաղաքական մտքի սնանկության մասին:
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: