Երբ կբարձրանա աշխատավարձը
Տարեկան բյուջեի քննարկմանն այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հիմնական զեկուցող Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց մինիմալ աշխատավարձերի բարձրացումներից:
Ըստ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի` հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքվեց` լրացուցիչ որքա՞ն գումար կպահանջվի ծախսել պետական բյուջեից, եթե բազային աշխատավարձը 55.000 դրամից դառնա 65.000 դրամ, այսինքն՝ բարձրացվի 10.000 դրամով:
Ֆինանսների նախարար Խաչատրյանն ասաց, որ Կառավարությունը, երբ ուներ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, գնաց այդ քայլին և աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն վարեց, որի համար աշխատավարձերի բարձրացման խնդիր առաջադրվեց` շուրջ 80 միլիարդ դրամով: Ըստ նրա` ներկա փուլում բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով կառավարությունը ձեռնպահ է մնում, քանի որ եթե բարձրացնեն, ապա մոտավորապես 35 միլիարդի չափով գումար է անհրաժեշտ, որն այս պահի դրությամբ կառավարությունը չունի:
Դոխոլյանը նշեց` ՀՀ քաղաքացիների մինիմալ սպառողական զամբյուղը համահունչ չէ մինիմալ գործող աշխատավարձի չափին: Նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը կանդրադառնան այն այն ժամանակ, երբ միջոցներ ունենան, ասաց ֆինանսների նախարարը: