16.6 միլիարդ դոլարը ծախսողները պետք է իրենց անմեղությունը ապացուցելու հնարավորություն ունենան. Նաիրա Զոհրաբյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին այսօր ընթերցվեց կառավարությանը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ուղղած գրավոր հարցը, որում պատգամավորը հետաքրքրվել էր կառավարությունից, թե “Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան” ծրագրի շրջանակներում գյուղացիների համար իրականացված սեմինարների համար որքա՞ն գումար է ծախսվել:
Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրեն ուղղված պատասխանում ամեն ինչ, ընդհուպ մինչեւ դասախոսությունների անվանումները, նշված է, բացի նրանից, թե որքան միջոցներ են ծախսվել:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն արձագանքելով պատգամավորին` նշեց, որ տվյալ ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը գրավոր կտարամդրվի պատգամավորին:
Նաիրա Զոհրաբյանը ռեպլիկ արեց, թե ՀՀ գլխավոր դատախազը 181 հազար դոլարի համար, որը ըստ նրա, ոչ թե կորել, այլ ավելացել է, գալիս է խորհրդարան եւ խնդրում Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնամխելիությունից ու հավելեց, որ գյուղացիների համարյա դասախոսություններ անցկացնելու նպատակով ծախսվել է ոչ ավել ոչ պակաս 16 միլիոն դոլար:
“Մենք բոլորս պետք է նպաստենք, որ այն մարդիկ, որոնք ծախսել են այդ 16,6 միլիոն դոլարը, հանրության առջեւ իրենց անմեղությունը ապացուցելու հնարավորություն ունեն, այլապես կոռուպցիայի դեմ պայքարի ստախանովյան արշավ են կազմակերպում վերջին շրջանում, ատկատը դարձել է քաղաքական ֆոլկլյորի ամենասիրելի բառը”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: