26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Աբրահամյանը ձանձրանալու է. Առավոտ

Այս տարվա վերջին խմբագրականում ես չեմ անդրադառնա առաջիկա նախագահական ընտրություններին, ոչ էլ նույնիսկ ժողովրդավարության եւ բռնապետության խնդրին` մանավանդ, որ ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում գոյություն չունի: Ես ուզում եմ գրել անձնական թեմայով, քանի որ` ա/ Նոր տարին տրամադրում է նման բնույթի հիշողություններ, բ/ հունվարին` առաջադրումների, չառաջադրումների եւ այլ “այսրոպեական” խնդիրների, իրադարձությունների համատեքստում նման բան գրելու առիթ չի լինի:
Բանն այն է, որ մոտ 30 տարի առաջ ես առաջին անգամ նստեցի հեռուստախցիկի առաջ եւ եթեր դուրս եկա: Ասում եմ` “մոտ”, որովհետեւ ստույգ ամսաթիվը չեմ հիշում, գիտեմ միայն, որ դա 1983 թվականի հունվարն էր, երբ ես սովորում էի կոնսերվատորիայի 5-րդ կուրսում եւ դեռ չէի դարձել 23 տարեկան: Աստված հոգիդ լուսավորի, իմ առաջին ռեժիսոր Յուրա Գզոյան, երկար կյանք Ձեզ, իմ առաջին խմբագիր Արմեն Հարությունյան եւ իմ առաջին հնչյունային ռեժիսոր Մեսրոպ Փահլավունի (երաժշտական հաղորդումներում նրա դերը հսկայական է)` երեքն էլ բարձրակարգ երաժիշտներ են:
Ինչպես ցանկացած մասնագիտություն, որը սիրում ես, լրագրությունն ընդհանրապես եւ հեռուստատեսությունը` մասնավորապես, դարձել է ինձ համար ոչ միայն ապրելակերպ, այլեւ [խնդրում եմ ճիշտ հասկանալ] կրոն եւ հայրենիք: Եվ խնդիրն այստեղ բացարձակապես այն չէ, որ քեզ փողոցում ճանաչում են` նման դատարկ բաներով հետաբրբրվողները երբեք պրոֆեսիոնալ չեն դառնա: Խնդիրն ավելի պարզ է եւ ավելի կարեւոր` գտնել ուշագրավ պատմություն եւ դրա մասին պատմել ընթերցողներին, հեռուստադիտողներին` այնպես, որ դա նրանց հետաքրքիր լինի: Իհարկե, կան մարդիկ, որոնք լրագրության միջոցով պայքարում են հանուն ինչ-որ բանի կամ բիզնես են անում` ոչ թե փնտրելով, այլ մոգոնելով պատմություններ: Դա նորմալ է, թող բոլորը հասնեն իրենց նպատակներին: Միայն թե մեր մասնագիտության հետ դա որեւէ կապ չունի:

Նույնիսկ ռեժիմը, պատկերացրեք, առանձնապես կապ չունի: Իհարկե, ցանկալի է, որ ազատ արտահայտվելու համար որոշակի պայմաններ ստեղծվեն, ինչպես որ հիմա է, իհարկե, շատ վատ է, երբ իշխանություններն այնքան բութ են գտնվում, որ լրատվամիջոց են փակում: Բայց թող չընդվզեն իմ քաղաքականացված գործընկերները, եթե ասեմ, հետաքրքիր պատմություններ կարելի է գտնել նաեւ կոմունիստների կամ ֆաշիստների օրոք եւ նրանց գրաքննության պայմաններում:
Կիրակի օրվանից կսկսվեն արձակուրդները:

Հրաշալի է, որ ավելի շատ կշփվեմ ընտանիքիս հետ: Շատ լավ է, որ սեղանի շուրջ կնստեմ իմ բարեկամների եւ ընկերների հետ: Հոյակապ է, որ կտեսնեմ իմ դասարանցիներին: Բայց արձակուրդների 3-4-րդ օրը կսկսեմ ձանձրանալ` ինձ ճնշելու է այն հանգամանքը, որ այսօր խմբագրական չգրեցի, այսօր եթեր դուրս չեկա: Այս 30 տարում ես այդպես էլ չսովորեցի հանգստանալ:

Արամ Աբրահամյան, Առավոտ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ