«Չի կոտրվել»
«Հացադուլը դադարեցնելուց հետո հայրս նորմալ ստուգումներ է անցել: Բժիշկը ասել է, որ նրա առողջական վիճակը նորմալ է, ահազանգող բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց 11 օր հացադուլի մեջ գտնված Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը: Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրեց նոյեմբերի 9-ին:
Հացադուլի պատճառը ՔԿՀ անկախ հանձնաժողովի կողմից Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժումն էր:
«Հորս հետ հեռախոսազրույց ենք ունեցել, նշում է, որ բանտային պայմանները չեն կարող կոտրել իրեն, իմ հարցին՝ ինչպե՞ս ես, ասաց՝ մարտական»,-ընդգծեց ազատազրկված գնդապետի որդին:
Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։
Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: