Դեմ են Աշոտյանի «Եռանկյունուն»

Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը դիմեց այդ խորհրդի տնօրենին՝ հանրաքվեի քարոզարշավի շրջանում բանավեճային մի հաղորդաշար կազմակերպելու առաջարկով, որում հավասար պայմաններ ապահովված կլինի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչության համար։
Հանրային հեռուստատեսությունում քարոզչության հենց առաջին օրը բացված «Եռանկյունի» հաղորդաշարը ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ։ Այդ հաղորդաշարը վարում է ոչ այլ ոք, քան իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Սա քիչ է, այդ հաղորդաշարի համար նաեւ հավաքվել է կողմնակալ լսարան՝ հաղորդման ժամանակ ընդդիմության վրա հաղորդավարի հարձակումներին ծափահարելու համար։
Ակնհայտ է, որ իշխող ռեժիմը վախենում է հանրային հեռուստատեսությամբ «Այո»-ի և «Ոչ»-ի համար հավասար պայմաններով բանավեճի կազմակերպումից։ Աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հանրային (կամ անգամ մասնավոր) հեռուստատեսությունում բանավեճ վարողի դերում լիներ ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը։ Այս ամենը շահերի ակնհայտ բախում է պարունակում և ցույց է տալիս ռեժիմի պատկերացումները ժողովրդավարության մասին։
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրության փոփոխման հանձնաժողովի նախագահ դառնալուց եւ դրա քարոզչության մեջ ակտիվ ներգրավումից հետո սա երկրորդ օրինակն է, որ ցուցադրում է ռեժիմի արհամարանքը ժողովրդավարության եւ ազատ խոսքի տարրական սկզբունքների նկատմամբ, ինչպես նաեւ ամեն գնով Սահմանադրությունը փոխելու գերշահագրգռությունը։ Սա նաեւ եւս մեկ անգամ մատնում է իշխանությունների ստախոսությունն ու խաբեբայությունը՝ թե Սահմանադրությունը փոխվում է հանուն Հայաստանի ու նրա ժողովրդի բարեկեցության։
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է իշխանություններից անմիջապես հրաժարվել սահմանդրական հանրաքվեի լեգիտիմությունը խարխլող այս հերթական քայլից և ստեղծել հանրային բանավեճի այնպիսի ձևաչափ, որը կվարեն չեզոք և անկողմնակալ դիրքով պրոֆեսիոնալները և կապահովվի լսարանի հրավիրման հավասար իրավունքները «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների համար։