Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց ՄԱԿ-ի համակարգողին
Հոկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաժեշտ տալով առաքելությունը Հայաստանում ավարտող տիկ. Գերչեւային, իր գնահատանքը հայտնեց նրան` պաշտոնավարման տարիներին Հայաստանի ժողովրդին մատուցված օգտաշատ ծառայությունների համար` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ: Վեհափառ Հայրապետը նաեւ բարձր գնահատեց ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից երկրի զարգացմանն ուղղված զանազան ծրագրերը, ինչպեսեւ Մայր Աթոռի հետ ձեւավորված համագործակցությունը:
Նորին Սրբությունը, շնորհավորելով ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթեց, որ ՄԱԿ-ի բոլոր ծառայություններն արդյունավոր լինեն եւ նպաստեն մարդկության խաղաղ ու ապահով կյանքին:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ եղավ Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու խնդրին եւ այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների եւ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին: