Ստեղծվել է մի փաստաթուղթ, որին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը
Պետք է համախմբել ուժերն ու թույլ չտալ, որպեսզի ադրբեջանական լոբբինգը հաղթանակ տանի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ԼՂՀ-ի հետ կապված հակահայկական զեկույցին հավանություն տալուն։
«Զեկույցը հունվարին կլինի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում, եւ պետք է համախմբել ուժերը թույլ չտրվի ադրբեջանական լոբբինգի հաղթանակը։ Ադրբեջանը մի քանի տարի է` փորձում է ԵԽԽՎ-ում իր ֆինանսական ռեսուրսների հաշվին ձևավորել մի համակարգ, որում տարբեր պատգամավորներ, գերվելով ադրբեջանական նավթադոլարներով, պատրաստ են աշխատել նրանց օգտին»,- ասաց նա՝ նշելով, որ բացառւոյթուն չէ նաեւ աղմկահարույց զեկույցի զեկուցող Ռոբերտ Ուոլտերը։
«Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից գրված զեկույց է, որը որևէ քննադատության չի դիմանա այն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ չափով ծանոթ են տարածաշրջանի խնդիրներին։ Ստեղծվել է մի փաստաթուղթ, որին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը: Դրանով չեն առաջնորդվելու ոչ Մինսկի խմբի համանախագահությունը, ոչ հայկական կողմը, ոչ էլ միջազգային կազմակերպությունները:»,-ասաց նա։