Արցախ-ԵՄ համագործակցությունը կնպաստի ժողովրդավարությանը
Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները Արցախի և Եվրամիության միջև շփումները շարունակելու առումով։
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես, անդրադարձ կատարել 2015 թ. կայացած խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը հանրային կյանքի կազմակերպման ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորման տեսանկյունից։
Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Արցախ-ԵՄ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման և ամրապնդման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին։ Այս կապակցությամբ երկուստեք ընդգծվել է իրավիճակն ապակայունացնելու փորձերը բացառելու և խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։