Լևոն Զուրաբյանը խայտառակել է Հայաստանը.Ժամանակ
«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաեւ հայ պատգամավորներին:
Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից կամ հայտարարությունից, որտեղ նա ասում է, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ չլինեն, եւ դրանք պետք է անել ըստ անհրաժեշտության:
Դրանից հետո Լեւոն Զուրաբյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին կոչ արեց հորդորել Հայաստանի իշխանություններին չիրականացնել սահմանադրական փոփոխություններ:
Վալենտինա Մատվիենկոն Զուրաբյանի հարցրի սարսափահար է եղել՝ մտածելով, որ Զուրաբյանն ապրում է անցյալում, ենթադրենք՝ գիտի, թե 1983 թվականն է, եւ երկրում բոլոր կարեւոր որոշումները կայացվում են Կրեմլում, եւ այդ պատճառով է որոշել Զուրաբյանին տեղեկացնել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ որոշումները կայացվում են այդ ինքնիշխան պետության եւ նրա ժողովրդի կողմից:
Հայաստանի համար իսկապես խայտառակություն է, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը դիմում է այլ երկրի իշխանության ներկայացուցչին, որպեսզի նա միջամտի երկրի ներքին գործերին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: