Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր
Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, այսօր միացել են ևս 5 կալանավոր:
Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն Վարդանյանը, Գեղամ Ասատրյանը:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը ավելի վաղ մեզ հայտնել էր, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ հացադուլ են հայտարարել ևս 2 կալանավոր:
Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայրը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, չնայած առողջական խնդիրներ են առաջ եկել. «Սրտի հետ կապված խնդիրներ են , համապատասխան բուժօգնություն է ստացել»։
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, նրան միացել են ևս 6 կալանավորներ:
Վոլոդյա Ավետիսյանը պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2 հազար դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել։