Հայկական պատմական ճարտարապետական կոթողներ են ցուցադրվել Դանիայում
Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց “Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները” խորագրով միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը` Նորին թագավորական մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների եւ Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի (KUKS) կողմից:
Ցուցահանդեսին 27 դեսպանություններ ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետությունը` ազգային յուրահատկություններով եւ ձեւերի բազմազանությամբ: ՀՀ դեսպանության վահանակը ձեւավորել էին դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, ինչպես նաեւ Հայաստանից “Ստորակետ” ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետներ Նարբեհ Բեդրոսյանն ու Մերուժան Մինասյանը:
Հայկական պատմական ճարտարապետական կոթողների հետ միասին ցուցադրված էին 1998թ. կառուցված Սուրբ Վարդանանց նահատակաց եղեղեցու (ճարտարապետներ` Ա.Մխիթարյան, Արթուր Մանուկյան, Արթուր Սուքիասյան), 2001թ. կառուցված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք-խորանի (ճարտարապետներ Ջիմ Թորոսյան եւ Ռոմեո Ջուլհակյան) եւ Սուրբ Խաչ մատուռի (ճարտարապետ` Սարգիս Սարդարյան-Ջուլհակյան) լուսանկարները, ինչպես նաեւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծրագիր-մրցույթին մասնակցած ճարտարապետներ Էրիկ Օհանյանի, Արման Ալավերդյանի, Ագաթա Հարությունյանի, Անուշ Հարությունյանի ու Կարեն Բալայան-Ջուլհակյանի նախագծերը:
Ցուցահանդեսում հայկական ճարտարապետության պատմության բաժինը ներկայացված էր ուրարտական շրջանից մինչ մեր օրերը` ընդգծելով Հայաստանը որպես քրիստոնեական ճարտարապետության օրրան, ինչպես նաեւ նշելով բյուզանդական եւ իսլամական ճարտարապետության մեջ հայ ճարտարապետների ու արհեստավորների մշտապես թողած ուշագրավ հետքերի մասին:
ՀՀ դեսպանության վահանակի հետ միասին ցուցադրված էին հայկական տուֆ քարերի նմուշները եւ դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի “Լույսի մասնիկներ սեւ այգու շուրջ. կովկասյան եկեղեցին արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկում” դանիերեն լեզվով գիրք-ալբոմը, որն ամբողջությամբ նվիրված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը: