Արփինե Հովհաննիսյանը մերժեց

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին հերթական նիստում մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը:
Պատգամավորն առաջարկում էր փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և մի շարք այլ օրենքներում, որոնցով պետք է բացառվի արտադատական կարգով քաղաքացիներից տուգանքների գանձումը: Ըստ նախագծի՝ տուգանք կարող է նշանակվել միայն դատարանի վճռով:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում ասաց, որ կառավարությունը դեմ է նախագծին:
«Հիմնական փաստարկն այն է, որ Սահմանադրական դատարանն, անդրադառնալով գույքի վրա արգելանք դնելու հիմնախնդրին, արգելանքն արտադատական կարգով իրականացնելը հակասահմանադրական չի համարել: Տուգանքի նշանակումն ինքնին հանդես չի գալիս որպես սեփականազրկում: Այդ պատճառով կարծում ենք, որ նախագիծը նպատակահարմար չէ ընդունել, դրա համար կառավարությունը դեմ է նախագծին»,- ընդգծեց նախարարը: