Ավետ Բարսեղյանին պետք է չեզոքացնել եթերից. Ազգ
Պատկերացնո՞ւմ եք, եթե “Երգ երգոցը” հանկարծ վարի ոչ թե Խորեն Լեւոնյանը, այլ “հեռուստաաստղ”, “նարցիս” Ավետ Բարսեղյանը: Ամեն ինչ կփլվի:
Չէի ցանկանա Նոր տարվա նախօրյակին գրել տհաճ երեւույթների մասին, բայց գրում եմ, որովհետեւ ցանկանում եմ 2012 թվի հետ գնան բոլոր տգեղ երեւույթները, որոնք դառնացնում են մեր կյանքը, այդ թվում նաեւ գորշ հեռուստատեսությունը: Այո, 2013 թվին թող հեռուստատեսությունը եւս փոխի իր դեմքը, դեն նետի իր սարսափազդու դիմակը եւ մեզ հրամցնի միայն գեղեցիկը եւ հաճելին:
Թող նա հանգստացնի մեր պիրկ նյարդերը, այնպես, ինչպես դա անում է “Երգ երգոցը”, որը վաղուց արդեն դարձել է համայն հայության հպարտությունը, օազիսը: Նպատակ չունեմ նորից թվարկել Հայկական հեռուստատեսության թերությունները, տհաճ հաղորդումները, գռեհիկ “32 ատամը”, կամ էլ “Վիտամինը”, եւ սրանցից ետ չմնացող փողոցային պատառիկներով հարուստ հաղորդաշարերը, որոնց մասին բազմիցս բարձրացրել են մեր ոչ միայն մտավորականությունը, այլեւ շարքային ունկնդիրները, այդ թվում նաեւ ես:
Սակայն չեմ կարող կանգ չառնել այս նախատոնական մի հաղորդաշարի եւ մեկ հեռուստատեսային “աստղի” վրա, ոչ միայն նրան պախարակելու նպատակով, այլ հեռուստատեսության ղեկավարների անտարբերության վրա:
Մենք կարծես ընտելացել ենք ինքն իրեն վրա սիրահարված Ավետ Բարսեղյանի մեծամտությանը, նույնիսկ բացակա անվանի մարդկանց դեմ չարախոսությանը եւ իր “գերազանցության” ընդգծումը:
Կարճ ասած, երբ նա էկրանում է, կամ պետք է այդ ալիքը փոխես, կամ սրտային դեղեր օգտագործես: Այն, ինչ կատարեց նա “Շանթում”, X-ֆակտորի նախորդ շաբաթվա “ժյուրիի” անդամ եղած ժամանակ, վեր էր ամեն մի նորմալ մարդու արարքից: Նա սկսեց մասնակից երեխաներին ծաղրել, հետո հարձակվեց ժյուրիի անդամ Գիսանեի վրա, որը միշտ աչքի էր ընկել իր մասնագիտական կարողությամբ եւ համեստությամբ, բռնեց նրա ուսերից եւ սկսեց թափահարել, հետո էլ սկսեց անպատվաբեր բառերով անպատվել դեռ չերգած իրանահայ մի աղջնակի, որը այդ վիրավորանքից ազդվելով թողեց հեռացավ բեմից:
Մինչ այդ Ավետին միացավ մի ուրիշ “աստղ”` Գարիկը, մի ոչ պակաս մեծամիտ, որը վարում է “Շանթի” բոլոր հաղորդումների մեկ քառորդը (նրան կարելի է տեսնել ե՛ւ “Վիտամինում”, ե՛ւ անճաշակ “Հարց չկա”, ե՛ւ “Առավոտում” եւ տարբեր ժյուրիների կազմում, նույնիսկ չունենալով երաժշտական կրթություն, երեխաներին երգ է ուսուցանում):
Լավ է, ժյուրիի հինգ անդամներից երկուսը իրենց բարձրության վրա գտնվեցին` ծանրակշիռ Անդրեն եւ ինչպես միշտ զուսպ եւ բարձր կարգի մասնագետ, արտասվող երեխայի հետ լացող, քնքուշ Նաիրա Գյուրջինյանը, որը իր մեջ ուժ գտավ երեխային ետ բերելու եւ հանգստացնելու: Երեխան հանգստացավ` իսկ մե՞նք: Այդ ամենը հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ:
Մինչեւ ե՞րբ պետք է Ավետը բարկացնի ունկնդիրներին եւ վիրավորի մասնակիցներին: Մի՞թե չկա մեկը, որը ինչպես ինքն է ասում` սեղմի նրա կոճակը: Մի՞թե X-ֆակտորում չկա ռեժիսոր: Մի՞թե “Շանթի” ղեկավարությունը չի դիտում իր կողմից արձակված հաղորդումները, գոնե կրկնությունը: Այո, գիտենք Ամալյանի հանձնաժողովի անգործությունը, բայց “Շանթի” ղեկավարությունը, որը մեզ ուրախացրել է նաեւ լավ գործերով, նրա՞նց ինչ է պատահել:
Ավետի այդ անշնորհքությունը միայն “Շանթում” չի կատարվել: Օրերս “Երգ երգոցը” չգիտես ինչ արժանիքներից ելնելով Ավետին հրավիրել էր իր համերգներից մեկին կարծիք հայտնելու: Այստեղ էլ նա սկսեց իր մեծամտությունը: Նախ կոպիտ խոսքերով վիրավորեց Ռուբեն Հախվերդյանին, նրան անվանելով “Ռուբեն ձյաձյա”, իսկ երբ սկսեց խոսել մի կին պատգամավոր, նրան էլ կոպտեց եւ սկսեց դաս տալ: Սկսվեց մի յուրահատուկ լեզվակռիվ, որը երբեք սազական չէր այդ հաղորդաշարին: Լավ է այդ կինը խելացի գտնվեց եւ մի երկու բառով նրա բերանը փակեց: Ասում են, տարիներ առաջ նրան այդ նույն արարքների համար պատժել են եւ հավանական է հենց դա՞ է ազդել նրա վրա:
Ժամանակն է, որ Ավետի նմաններին էկրաններից հեռու պահեն:
Այս մասին գրում է “Ազգ”-ը: