Սահմանված ցուցանիշը գերազանցել է 50 րոպեով
Ըստ տեխնիկական աուդիտորի՝ «Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ»՝ Դանիա, «ԱՎԱԳ Սոլյուշնս»՝ Հայաստան` Վարձակալության պայմանագրի պահանջների առումով «Երևան Ջուր» ընկերությունը 9-րդ պայմանագրային տարում ապահովել է լավ կատարողական արդյունքներ. սահմանված բոլոր նպատակակետերը նվաճված են: Այս մասին հայտնում է «Երևան Ջուր» ընկերության լրատվական ծառայությունը:
Վերջին տարիներին Աուդիտորը պարբերաբար նշում է մասնավորապես ջրամատակարարման տևողության (հատկապես՝ նվազագույն տևողության) աճի մասով զգալի առաջընթացը, ջրի արտադրության և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, ինչպես նաև տեխնիկական կորուստների նվազեցումը: Հաշվետու տարին այս առումով բացառություն չէ: Այսպես, աղբյուրներից ջրառը կրճատվել է 15 մլն մ3-ով, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցվել է 5.4 մլն կՎտժամով: Տեխնիկական կորուստները կրճատվել են մոտ 11 մլն մ3-ով: Ջրամատակարարման միջին տևողությունը հասել է 23.3 ժամի՝ սահմանված ցուցանիշը գերազանցելով մոտ 50 րոպեով: Ջրամատակարարման համապատասխանությունը հրապարակված գրաֆիկներին կազմել է 94,2%: «Ընդհանուր առմամբ, 9-րդ պայմանագրային տարում ընկերության կողմից մատուցվող ծառայության մակարդակը եղել է ավելի բարձր, քան երբևէ, և որ Երևանի ջրամատակարարումը եղել է ավելի կայուն և հուսալի, քան նախկինում»,- ասվում է Աուդիտորի եզրակացության մեջ:
Ինչ վերաբերում է կոնկրետ սեպտեմբերին համակարգում իրականացված ծրագրերին, ապա աշնանային արևային եղանակի շնորհիվ աշխատանքներն ընթացել են արագ տեմպերով: Մասնավորապես, հայտնաբերվել և վերացվել են վթարներ Արին-Բերդ-Խարբերդ, Գյումուշ, Կաթնաղբյուր, Գառնի ջրատարների վրա: Գաջեգործների փողոցում և Լիսինյան 14 շենքի հարևանությամբ տարածքը սնուցող թուջե ջրագծերի վրա հայտնաբերվել և վերացվել են խոշոր վթարներ, ինչը բերել է ջրամատակարարման ցանցի շահագործման բարելավմանը: Պոլիթիլենե ջրագծով է փոխարինվել Նիկոլ Դումանի փողոցում մասնավոր տնատիրությունների և ավտոտնակների տակով անցնող թուջե ջրագիծը, որի վրա առկա էին բազմաթիվ վթարներ: