23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքերը նպաստում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գովազդին

2005 թվականին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին, նշանավոր թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հոդված էր գրել “Hurriyet” թերթում` կոչ անելով թուրք հանրությանը պատրաստ լինել առաջիկա “հայկական ցունամիին”:

Այս ամսվա սկզբին, թուրքական “Gazete Kars”  թերթը նման մի խմբագրական հրապարակեց՝ “Հայկական նախապատրաստական աշխատանքները 2015 թվականի համար” խորագրով, նախազգուշացնելով թուրքերին Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակի մասին, խորհուրդ տալով նրանց ձեռնարկել հակազդեցության արդյունավետ միջոցներ:

Խմբագրականը ցույց է տալիս, թե թուրքերն ինչպիսի ուշադրությամբ են հետեւում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ հայկական նախապատրաստական աշխատանքներին եւ ինչպիսի տագնապով են կշռադատում հայկական առաջիկա միջոցառումների ազդեցությունը Թուրքիայի վրա:

Ծավալուն սյունակը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին ընդլայնում են իրենց համատեղ արշավն ընդդեմ Թուրքիայի: Հոդվածը նախազգուշացնում է, որ “հայերը կարծում են, թե իրենց ստերով ամբողջ աշխարհը ոտքի կհանեն” եւ առաջարկում է, որ “Թուրքիայի Հանրապետությունն անհապաղ գործի դնի իր բոլոր միջոցները եւ առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկի այդ խաբեությունն ի չիք դարձնելու համար”:

“Gazete Kars” թերթը դժգոհում է, որ հայերը “ստվեր են գցում Թուրքիայի հեղինակության վրա ուժեղ հարձակումներ գործելով քառասուն ճակատներում: Թուրքիան այդ հարձակումներին հակահարված տալու համար պետք է ավելի մեծ պաշտպանողական եւ հարձակողական միջոցների դիմի: Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել: Աշխարհը կուլ է գնում նրանց ստերին”:

Խմբագրականում ներկայացվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքներում գլխավոր անձնավորությունների եւ կազմակերպությունների գործունեությունը: Թերթը հատկապես հիշատակում է պրոֆ. Թաներ Աքչամին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարություններին, Բեռլինի համալսարանը, ինչպես նաեւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, մեջբերելով նրա ասածը. “Ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է միավորել փոխհատուցման ըմբռնումով…. Մենք պետք է հետամուտ լինենք օրինական ուղիների՝ այս ոճրագործության պատասխանատվությունը ճշտելու համար”:

“Gazete Kars” թերթը նաեւ թվարկում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայկական ազգային ինստիտուտը, ինչպես նաեւ Զորյան եւ Կոմիտաս ինստիտուտները որպես կազմակերպություններ, որոնց հաջողվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնել աշխարհի գիտական շրջանակների եւ լրատվամիջոցների ուշադրությանը: Նշանավոր թուրք արձակագիրներ Օրհան Փամուկը եւ Էլիֆ Շաֆակը, ովքեր համարձակորեն դատապարտել էին Թուրքիայի խեղաթյուրումները Հայոց ցեղասպանության հարցում, մեղադրվում են “Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպությունների” աջակցությունը վայելելու մեջ:

Թուրքական թերթը տեղեկացնում է, որ 2011թ. ապրիլի 23-ին Երեւանում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագիրը նախապատրաստելու համար ձեւավորվել է պետական համակարգող հանձնաժողով: Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, գումարել է իր անդրանիկ նիստը 2011 թվականի մայիսի 30-ին:

Այնուհետեւ թուրք խմբագիրը կենտրոնանում է իմ հոդվածի վրա, սխալմամբ ինձ ներկայացնելով որպես “Արա” Սասունյան, “Կալիֆորնիա կուրիեր” թերթի հրատարակիչ: Իմ հոդվածից մեջբերում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ “Ցեղասպանության ճանաչման պահանջն այլեւս օգտավետ չէ հայերի համար: Ընդհակառակը՝ վնասակար է: Թուրքերը շատ ուրախ են, որ մենք բավարարվում ենք միայն այս պահանջով: Այն, ինչ մենք պահանջում ենք՝ արդարությունն է: Երբ նրան հարցրել են, թե արդարություն ասելով ինչ նկատի ունի, նա բացատրել է, որ դա նշանակում է բարոյական, ֆինանսական եւ տարածքային վերականգնում”:

Այնուհետեւ թուրք գրողը մանրամասն վերլուծում է իմ տեսակետները, նշելով. “Սասունյանը կարծում է, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները այնքան էլ կատարյալ չեն, եւ որ անհրաժեշտ է գաղափարական միասնականություն ունենալ, հատկապես Հայ Դատին առնչվող հարցերում: Սասունյանը գտնում է նաեւ, որ ավելի լուրջ արդյունքների կարելի է հասնել 100 երկրներում ապրող հայերին համախմբելով 350 ներկայացուցիչներից բաղկացած Սփյուռքի խորհրդարանի հովանու ներքո”:

“Gazete Kars” թերթն իր խմբագրականը եզրափակում է ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նախատեսված մի շարք հայկական միջոցառումներ.

1. Պատրաստել հրապարակություններ յոթ լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն:

2. Նկարահանել գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր, կազմակերպել համերգներ եւ ցուցահանդեսներ, հրատարակել գրքեր եւ գիտական նյութեր:

3. Եռակի ընդարձակել Հայոց ցեղասպանության թանգարանը Երեւանում:

4. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով

5. Կազմակերպել լրատվամիջոցների համաժողովներ, կապեր հաստատել 89 երկրների լրատվական գործակալությունների հետ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան հրավիրել Սփյուռքի հեռուստա եւ ռադիոլրագրողներին:

6. Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով, տարբեր լեզուներով էլեկտրոնային գրքեր թողարկել եւ կապեր հաստատել ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող  գիտական եւ մշակութային գործիչների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կառույցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ

7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել հայտնի հնդիկ ռեժիսոր Շեխար Կապուրի եւ պուերտոռիկացի սցենարիստ Խոսե Ռիվեյրանի մասնակցությամբ:

Քանի որ թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների տարափ են ակնկալում, ուստի հայերը հնարավոր ամեն ինչ պետք է անեն նրանց հուսախաբ չանելու համար:

“Gazete Kars” թերթի խմբագիրները չեն գիտակցում, որ հայերն իրականում ողջունում են Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին հակահարված տալու թուրքերի մտադրությունը: Դրանով թուրքական կողմը նպաստում է Հայ Դատի գովազդմանը՝ շատ ավելի, քան այնինչ հայերը կարող են անել ինքնուրույն միջոցներով:

Հարութ Սասունյան

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ