Նրանք մեր կարիքն ունեն /ֆոտո/
Քաջիկը 14 տարեկան է, Վահեն՝ 8: Նրանք երկուսն էլ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցում են սովորում: Քաջիկը ուզում է ոստիկան դառնալ, սակայն դպրոցում լավ չի սովորում, քանի որ հաճախ է բացակայում ու գյուղում բանվորի աշխատանք է անում՝ մորն ու պապին օգնելու համար: Էդիկը՝ 6 տարեկան է, խոսքի խնդիրներ ունի, այդ պատճառով Սիսիանի հատուկ դպրոցն է հաճախում: Նարեկը 4 տարեկան է, Բռնակոթի մանկապարտեզ է հաճախում:
34-ամյա Գայանե Առաքելյանը ամուսնու մահից հետո իր 4 որդիների հետ ապրում է Բռնակոթում՝ հոր հետ: Ամուսնու մահից հետո նա չի կարողացել տան վարձը վճարել ու ստիպված է եղել հոր տուն տեղափոխվել: Ամուսինը մահացել է 3 տարի առաջ, նա վարձու հովիվ էր ու դժբախտ պատահարի զոհ է դարձել:
Նրա որդիներից երկուսը անցած տարի, երկուսն էլ՝ այս տարի, ընդգրկվել են ՀՕՖ-ի Աջակցություն Հայաստանի երեխաներին ծրագրում, որի միջոցով ԱՄՆ-ում բնակվող տարբեր ընտանիքներ մինչեւ չափահաս դառնալը ամեն տարի օգնում են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հայրակորուս երեխաների:
Այս տարի Սյունիքի մարզի բոլոր գյուղերի ու քաղաքների 233 երեխա է նման աջակցություն ստացել: Փոքրիկ օգնությունը, որ նրանք ստանում են, կարեւոր աջակցություն է երեխաների մայրերի համար՝ հոգալու երեխաների համար ամենակարեւոր խնդիրները: