Մեքսիկական սերիալների մաչո-աստղը․ Մաուրիսիո Օչման․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/
Թերեւս քչերը գիտեն, որ մեքսիկական սերիալների հանրահայտ դերասան Մաուրիսիո Օչմանը ազգությամբ հայ է։
Մաուրիսիո Օչմանը ծնվել է 1977 թվականի նոյեմբեր 16-ին, Մեքսիկայի Գուանախուատոյի Ցելայա քաղաքում։ Նրա մայրը հրեա էր, հայրը՝ հայ։
Հայրը եղել է նկարիչ և գործարար։ Մանկության տարիներից Մաուրիսիոն հանդես է եկել թատերական ներկայացումներում։ 16 տարեկանում նկարահանվել է «La otra cosa» մինի սերիալում։ 19 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Ջոան Բարոնի դերասանական ստուդիա։ Երեք տարվա ուսուցումից հետո նա փոքրիկ դեր է ստանում «Հաղորդագրություն շշում» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են լինում Քևին Քոսթները և Ռոբին Ռայթը։
1998 թվականին TV Azteca-նՄաուրիսիոյին հրավիրում է «Ազուլ տեկիլա» հեռուստանովելում խաղալու, որտեղ նրա խաղընկերուհին Բարբարա Մորան էր։
2000 թվականին Մաուրիսիոն մեկնում է Լոս Անջելես «Սա կյանք է» շոուին մասնակցելու համար։ 2001 թվականին Մաուրիսիոն վերադառնում է Մեքսիկա, որպեսզի Լորենա Ռոխասի հետ խաղա «Ինչպես ֆիլմում» հեռուստանովելի գլխավոր դերերից մեկում։
2003 թվականին ստանում է Կարլոսի դերը «7 կին, մեկ հոմոսեքսուալիստ և Կարլոս» կատակերգությունում։ 2005 թվականին Մաուրիսիոն նկարահանվում է միանգամից մի քանի ֆիլմերում՝ «Տեսնել, լսել և լռել» թրիլերում և «Հոր որոնումներում», «Որոշում», «Երրորդը», «Մարինա» հեռուստանովելներում։ Մաուրիսիոն կատարել է «Վիկտորիա» հեռուստանովելի գլխավոր դերերից մեկը, որտեղ նրա խաղընկերն էր Վիկտորիա Ռուֆոն, իսկ 2010 թվականին նկարահանվել է Լուկասի դերում բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի ռիմեյքում։ 2011 թվականին պլաստիկ վիրաբույժի դեր է կատարել «Թույլ սեռ» հեռուստանովելում, իսկ 2012 թվականին «Ադամանդե վարդը» և «Երկնքի տերը» սերիալներում։
Մաուրիսիոն ժամանակին ամուսնացած էր ճարտարագետ Մարիա Խոսե դել Վալլե Պրիետոյի հետ, զույգը դուստր ունի՝ Լորենսան։ 2008 թվականին Մաուրիսիոն սիրավեպ է սկսել դերասանուհի Ադրիանա Կամպոսի հետ, որի արդյունքում ամուսնալուծվել է կնոջից։ Մաուրիսիոն մեքսիկական սերիալների ամենահայտնի դերասաններից է, սակայն նրա հայկական արմատների մասին առանձնապես չի խոսվում։