Ինչո՞ւ պետք է մեր ուսանողը պատրաստի «կիևսկի կատլետ» ու մեր ազգային կերակրատեսակների մասին չիմանա. Սեդրակ Մամուլյան
«Խոհարարի մասնագիտությունը ծանր և պատասխանատու աշխատանք է, որը ապահովում է նաև մարդու օրն ու տրամադրությունը: Ճիշտ սնվելը շատ կարևոր է: Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2007 թվականին և հենց անվանումը հուշում է, թե ինչի համար ենք հավաքվել ընկերներով: Հավաքվել ենք՝ վերածնունդ տալու հայկական մոռացվող կերակրատեսակներին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում, խոհարարի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Մամուլյանի խոսքով՝ կազմակերպության գործնեությունը միտված է հայկական խոհանոցի վերականգնմանը և հանրահռչակ դարձնելուն:
«Աշխատանքներ են ծավալվում դրսում ներկայացնելու մեր խոհանոցը և բազմաթիվ երկրներում արդեն ներկայացրել ենք: Արդեն ունենք հրավերներ Տրանսիլվանիայից , Ուկրաինայից ու Մոսկվայից: Նոյեմբերի 16-ին մենք մեր խոհանոցը կներկայացնենք Մոսկվայում»,- տեղեկացրեց Մամուլյանը:
Մամուլյանը անդրադարձավ նաև խոհարար դառնալու արվեստին: Նա նշեց, որ հիմա շատ երիտասարդներ են սիրով ընտրում այս մասնագիտությունը:
«Մեր ռեստորաններում մատուցման ձևից սկսած տարբերվում ենք: Այստեղ ևս ունենք դաշտ, որ մեր խոհանոցը հավուր պատշաճի ներկայացնենք: Աշխարհին շատ ասելու բան ունենք, քանի որ կարողանում ենք ներկայացնել մեր կերակրատեսակների ստեղծման պատմությունը»,-ընդգծեց Մամուլյանը:
Մամուլյանը նշեց, որ ինքնադրսևորման իմաստով ազգային խոհանոցը վերջին տեղում չէ ու դա պետք է արժևորել:
«Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՅՈՒՆԵՍԿՈ-ն չեն կարող ասել թե, որն է հայկական կերատրատեսակ, որը ոչ: Եթե մենք լավ ենք պատրաստում ու գիտենք դրա ստեղծման պատմությունը, ուրեմն դա մերն է: Մենք ունենք ձեռնարկ.«Ազգային խոհանոցի ծագում և դրա զարգացման փուլեր»: Ինչո՞ւ պետք է մեր ուսանողը պատրաստի «կիևսկի կատլետ» ու մեր ազգային կերակրատեսակների մասին չիմանա»,-հարցադրում արեց խոհարարը: