Միանգամից լվաց Արա Աբրահամյանի «բոլոր հետքերը». Իրատես de facto
Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ «վարչապետ» (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ) նշանակվելով ներհայաստանյան խաղը կրկին փոխվեց: Արտքաղաքականը` նույնպես: Հաշվենք:
ա) «Հազարամյա» Լուկաշենկոն այնպիսի մի պաթոսով ու նանո-բնութագրիչով առանձնացրեց Տիգրան Սարգսյանին, որ հայաստանյան ռուսոֆիլները և Տիգրան Սարգսյանի հետ մարտնչող «կոնկուրենտ ֆիրման» հաստատապես «ա՜խ» քաշեցին: Բանն այն էր, որ «առաջադեմ, փորձառու» արտաբերումները լոկ Լուկաշենկոյինը չէին: Նա այդ ամենն ասում էր Վլադիմիր Վլադիմիրովիչի անունից: Դո՛ւ ասացիր:
Բայց` ոչ միայն: Շրջանակը փակեց անձամբ Վ. Խրիստենկոն` յուրորեն արձանագրելով` Տիգրան Սարգսյանը լոկոմոտիվ է: Ընդ որում, ամենևին էլ կարևոր չէ` ինչի, չնայած ֆիքսենք` Եվրասիական ինտեգրման: Դու ընդհանրապես ասացիր:
Կրկին «ա՜խ» քաշեցին մեզանում բոլորը, բացի Սերժ Սարգսյանից, ում գլխապտույտ հաշվարկներից նույնիսկ մենք այլևս գլուխ չենք հանում: Տիգրան Սարգսյանի եվրասիական վարչապետացումը երկու կարևոր ֆունկցիոնալ նշանակությամբ էր:
բ) Բանն այն է, որ Հայաստանը պետք է դառնա Իրանը ԵԱՏՄ երկրներին կապող կամուրջ, այդ խնդիրն իրականացնելու համար Հայաստանը ԵԱՏՄ-ում պետք է ներկայացնի տնտեսության «ալֆան» ու «օմեգան» իմացող, միջազգային ֆինանսական կառուցների հետ աշխատած, «առաջադեմ և փորձառու» մեկը, ով, ի դեպ, փայլուն հարաբերություններ ունի նաև ամերիկյան իսթեբլիշմենթի հետ, այն ԱՄՆ-ի, որի մեկենասությամբ այս օրերին հանվում են Իրանի նկատմամբ տարիների պատմություն ունեցող պատժամիջոցները: Ընդ որում, ԵԱՏՄ ղեկավարությանը հավակնող հաջորդ երկիրն էլ Բելառուսն էր, սակայն, ինչպես տեսնում եք, այս նույն պատճառն աշխատել էր նաև այս դեպքում:
գ) Ինձ թույլ տամ առաջ անցնել ու ասել` չի բացառվում, որ նույն այդ հանգամանքներով պայմանավորված, ԵԱՏՄ վճարման միավորը ոչ թե ալթինը կլինի, այլ հենց դրամը, ինչի «ծնունդն ընդունողը» Հայաստանում Տիգրան Սարգսյանն էր:
դ) Այս նշանակումը ինքնին ազդանշանում է, որ Տիգրան Սարգսյանը բարձր մակարդակի խաղացող է (ասենք` միջազգային ասպարեզում), այնպիսի մակարդակի, որին չեն «ձգում» մեր ներքաղաքական խաղացողները, մակարդակ, որը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին:
ե) Այդ իսկ առումով` Տիգրան Սարգսյանի նշանակումը միանգամից լվաց Արա Աբրահամյանի «բոլոր հետքերը»` բան չթողնելով նրանից:
Հայաստանյան իշխանական զույգի` Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան համակցությունը` թե՛ գլոբալ խաղի, թե՛ ռուսաստանյան, թե՛ ներքաղաքական առումներով, մեծ մանևր է մեծ մարտերից առաջ: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ ահա` հենց Տիգրան Սարգսյանն է ապագա վարչապետը կամ նախագահը:
Կարևորն այն է, որ նրա վերադարձով նոր շախմատային «դաշտ» առաջացավ, ուր և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղում է նույն մարդը: Այո՜, նորին գերազանցություն Շախմատիստը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: