16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կյանքի պատմություն, որն արժե կարդալ․ Դիեգո Բալոյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

ԴԻԵԳՈ ԲԱԼՈՅԱՆ

Անդերի ձյունածածկ գագաթները վկան են ընտանեկան մի պատմության, որն սկիզբ է առել 100 տարի առաջ։ Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Բալոյանը Չիլիի հեռուներում մի փոքրիկ Հայաստան է հիմնել, եւ այսօր նրա ժառանգները շարունակում են նրա գործը, գրում է 100LIVES.COM-ը։

«Փոքր տարիքից ես սարսափելի պատմություններ եմ լսել ու, որպես հետեւանք, մեծացել եմ չլուծված այս խնդրի հետ եւ այն զգացողությամբ, որ մեզնից ինչ-որ բան են խլել։ Սա ինձ ներշնչել է խոր սեր դեպի իմ արյունը»,– ասում է Դիեգո Բալոյանը՝ երիտասարդ ճարտարապետ, որի կյանքը երեք սերնդի վրայով կամրջում է Չիլին Հայաստանի հետ։

Նրա մեծ պապը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել էր Բալուում (ներկայիս Փալու, Թուրքիայի արեւելքում), որտեղ նրա ընտանիքը խաղողի մեծ այգիներ ուներ։ Նա մահից փրկվել է զուտ այն պատճառով, որ այդ շրջանի կոտորածի կազմակերպման պատասխանատու թուրք սպան նրան գերի է վերցրել՝ մտադիր լինելով թրքացնել երեխային, եւ անգամ նրան «Ալի» է անվանել։ Հետագայում, սակայն, նա իր երեք եղբայրների հետ հարկադրված միացել է դեպի Դեր Զորի անապատ քշվող մահվան քարավանին։ Անդրանիկին ու նրա ավագ եղբայրներին հաջողվում է փախչել, բայց նրանց փոքր եղբայրը, որն ընդամենը երեք տարեկան էր, հետ է ընկնում։ Երեք եղբայրները կտրում են անապատն ու հասնում Հալեպ։

«Հայրս խոտ ուտելով ողջ մնաց,– հիշում է Նաչոն՝ Անդրանիկի որդին եւ Դիեգոյի պապը,-նա սպանությունների, բռնաբարությունների եւ այլ ոճիրների ականատես դարձավ եւ հետո մեզ պատմում էր, թե ինչ արյունռուշտ էին թուրքերը՝ անօրինակ չարագործությունների ունակ, ու թե ինչպես հայերը ցեղասպանվեցին սեփական երկրում։ Կյանքի վերջին օրերին անգամ նրան հուզում էր այն հարցը, թե ինչ պատահեց իրենց փոքր եղբորը»։

Անդրանիկի քեռին, որը Համիդյան ջարդերի առաջին ալիքի ընթացքում փախել էր Սիրիա, օգնեց եղբայրներին հաստատվել Հալեպում, որտեղ էլ նրանք ապրեցին երկու տարի։ Քեռու ընտանիքն ապա տեղափոխվեց Չիլի, եւ եղբայրները որոշեցին ռիսկի դիմել։ Երկար ուղեւորությունից հետո, որի ընթացքում նրանք ստիպված եղան կտրել-անցնել Անդյան լեռնաշղթան, Բալոյանները հասան Պուերտո Մոնտ։ Հինգ տարի անց նրանք հաստատվեցին երկրի մայրաքաղաք Սանտյագոյում։

Նկարին սիրահարվելով

Հարավային Ամերիկա ընկած հայ գաղթականների մեծամասնությունը հաստատվեց կամ Բուենոս Այրեսում, կամ Մոնտեվիդեոյում, սակայն Բալոյանները Չիլիում հաստատված առաջին հայերն էին։

«Նրանք, ովքեր հատեցին Անդերը, ամենախիզախ փոքրամասնությունն էին»,– կատակում է Նաչոն։

Երբ Անդրանիկը 20 տարեկան էր, նրա երազանքը հայ աղջկա հետ ամուսնանալն էր։ Այն ժամանակներում, երբ ոչ միայն սոցիալական ցանցեր չկային, այլեւ առհասարակ համացանց, նա մի նամակ գրեց մորաքրոջը, որը պատրաստվում էր Սիրիայից ուղեւորվել Չիլի, հարցնելով, թե արդյոք նա ճանաչո՞ւմ է ամուսնանալու համար հարմար մեկի։ Պատասխան նամակում մի լուսանկար կար, որին Անդրանիկն անմիջապես սիրահարվեց։ Աղջկա ժամանելուց մեկ շաբաթ անց նրանք ամուսնացան։ Դա Վերժին Թոսունյան-Թերզիբաշյանն էր՝ մի երիտասարդ կին Ուրֆայից, որը խուսափել էր մահից՝ ապաստանելով Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կազմակերպության Սիրիայի որբանոցում։

Հյուրընկալ տուն

Սանտյագոյում երեք եղբայրները միավորեցին իրենց ուժերն ու մուտք գործեցին տեքստիլ արդյունաբերության ոլորտ։ Առաջին քայլերը մեծ չէին՝ նրանք ընդամենը հագուստ էին գնում ու վաճառում։ Բայց հետո սեփական հաստոց հայթայթեցին եւ ինքնուրույն արտադրություն ձեռնարկեցին։ Նրանց երեք երեխաները ծնվել են Չիլիում եւ հայկական դաստիարակություն ստացել։ «Ես չիլիացի չեմ, ես հայ եմ։ Մենք ասում ենք, որ մենք Չիլիում ծնված հայ ենք»,– ասում է Նաչոն։

1930-ականների ճգնաժամը մեծ հարված հասցրեց Չիլիին, բայց եղբայրները հաջողացրին չխորտակվել։ «Ծնողներս օրուգիշեր աշխատում էին։ Հայրս ասում էր, թե հայը միշտ վճարում է, եւ այդպես էլ նրանք վերապրեցին ճգնաժամը։ Նա նպատակասլաց էր ու աշխատասեր։ Ցեղասպանությունից փրկված մարդն այլ կերպ լինել չէր կարող»,– ասում է Նաչոն։

Նրանց ջանքերն իզուր չէին, եւ Բալոյանները դարձան հաջողակ գործարարներ ու մի մեծ ֆաբրիկայի տեր։ Միեւնույն շենքում Անդրանիկը Սուրբ Սեղան կառուցեց հայկական պատարագ մատուցելու համար։ «Նա աթեիստ էր եւ հաճախ իրեն հարց էր տալիս, թե ուր էր Աստված, երբ կոտորում էին հայ ժողովրդին։ Բայց նա ընդունում էր եկեղեցու մշակութային դերը»,– հիշում է Նաչոն։

Հայրենիքի սերն ու կորցրածի կարոտն Անդրանիկին ստիպեցին Մայր Հայաստանից 15 հազար կմ հեռավորության վրա նոր Հայաստան հիմնել։ Այդ տարիներին հին մայրցամաքից ներգաղթողների նոր ալիք եկավ Չիլի, եւ կառավարությունը նրանց տեղավորեց քաղաքային մարզադաշտում։

«Հայրս գնաց հայեր փնտրելու եւ նրանց տուն բերեց։ Սրահում ամենուր ներքնակներ էին։ Մենք նրանց ապաստան ու գործ տվեցինք ֆաբրիկայում»,– հպարտությամբ հիշում է Նաչոն։

«Ես անգամ իմ սենյակն էի հաճախ տրամադրում»,– ավելացնում է նրա եղբայր Սիմոնը։ Այսպես Անդրանիկն ասես կնքահայր դարձավ նոր եկած հայերի համար՝ բոլորին օգնելով ոտքի կանգնել եւ նոր կյանք սկսել։ Այսօր «Հայ տան»՝ տեղի հայ համայնքի կենտրոնի սրահներից մեկը կրում է նրա անունը։

Չիլիում Անդրանիկի տրամադրած օգնությունը համահունչ էր այն առատաձեռնությանն ու կարեկցանքին, որ նա ցույց էր տվել ողջ կյանքի ընթացքում։ Կոտորածից փախչելու նպատակով անապատը կտրելիս ամեն եղբայր մի ոսկեդրամ ուներ։ Ճանապարհին նրանք մի հայի են հանդիպում, որը նույնպես պայքարում էր գոյության համար եւ չուներ ոչինչ։ Անդրանիկը նրան է տալիս իր ոսկեդրամը։

Այժմ ընտանիքն առաջնորդում է Անդրանիկի ծոռը՝ Դիեգոն։ Բասկ մորից եւ հայ հորից ծնված Անդրանիկը պնդում է, որ հասակ է առել ամբողջությամբ հայկական միջավայրում ու արմատներով խորապես կապված է զգում այն հեռավոր ու հին երկրի հետ, որտեղ երբեք ոտք չի դրել։ Նա երազում է այցելել նախնյաց երկիր եւ կենդանի է պահում նրանց ժառանգությունը։ «Այդ պայքարը դարձել է իմ շարժիչ ուժը, այս հարցը միավորում է բոլորիս։ Մեր առաքելությունն է՝ պահպանել տառապյալների մասին հիշողությունն ու նրանց պատիվը»,– հաստատակամորեն պնդում է Դիեգոն: Նա այժմ այն երիտասարդների խմբից է, որոնք շարունակում են իրենց պապերի գործը՝ վառ են պահում հայոց ջահը։

Հեռու լինելով վրեժխնդրության վրա կենտրոնանալուց՝ նա դրական տեսլականի կրող է եւ ընդունում է հազարամյա հայկական մշակույթի մեծ արժեքը։

«Կարծում եմ՝ ժամանակն է շրջելու այս էջը։ Ու չնայած պատահածին հնարավոր ոչ մի փոխհատուցում չի լինելու, եթե անգամ այն երբեւէ ճանաչվի, մենք պետք է սկսենք արժեւորել ամեն հայկականը, պիտի անցնենք ողբերգությունից անդին։ Մենք միայն տառապանքից չենք ստեղծված»,– վստահեցնում է նա։

Դիեգոն առաջարկում է սովորել ընդունել պատմությունը եւ, առանց անցյալը մոռանալու, ընդունել նոր մարտահրավերները. «Պապս ու մեծ պապս ստիպված էին ուրիշ կերպ ապրել։ Դա, անշուշտ, իր հետքն է թողել բոլորիս վրա, բայց մեր ոգին այլ է, մենք հավատում ենք հաշտեցմանը, հավատում ենք ատելության հաղթահարմանը»։

Աղբյուր՝ https://100lives.com/hy/stories/detail/regular/8448/-

001_600x320 004_560x320 002_560x320_6

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ