Հայաստանի համար նոր վտանգներ` ՆԱՏՕ-ում
ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, խոսելով հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում նշել է, որ պատվիրակությունը մասնակցել է քաղաքական խմբերի նիստերին, ինչպես նաև՝ վեհաժողովի Քաղաքական հարցերի, Անվտանգության և քաղաքացիական չափման, Պաշտպանության և անվտանգության, Տնտեսության և անվտանգության ու Գիտության և տեխնոլոգիայի հարցերի հանձնաժողովների նիստերին: Հանձաժողովներում քննարկումներ են ծավալվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ անդրադարձ է եղել ճգնաժամերին, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամին, Աֆղանստանում անվտանգության պահպանմանը և այլ հարցերի:
«Խնդիրն այն է, որ ԼՂ-ի մասով կային որոշ ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրական վիճակին»,- ասել է պարոն Նահապետյանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ մեր պատվիրակները բարձրաձայնել են իրենց մտահոգությունը, գրավոր առաջարկներ ներկայացրել: Զեկույցում Ռուսաստանի հետ կապված որոշ ձևակերպումներ են ներկայացվել, որոնք առնչվում են նաև ԼՂ հակամարտությանը. մասնավորապես հակամարտության ծագման և ներկա փուլում Ռուսաստանի ունեցած ազդեցության, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում է ներկայացված կոնֆլիկտը:
Խորհրդարանական պատվիրակությունը հստակ առաջարկներ է ներկայացրել՝ նշելով, որ սխալ է նույն համատեքստում դիտարկել բոլոր հակամարտությունները: Ադրբեջանական պատվիրակությունը ևս ներկայացրել է իր առաջարկները: Նախագահողն ընդհատել է ադրբեջանցի պատվիրակին, քանի որ օրակարգից դուրս հարցադրումներ են հնչեցվել: Հիմնական զեկուցող Օյարս Կալնինշը, սակայն, ներկայացված առաջարկները հաշվի չի առել:
Կորյուն Նահապետյանը նշել է, որ զեկույցը թեև ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն, այդուհանդերձ, մտահոգություններ կան նաև զեկույցի մակարդակով և աշխատանքներ պետք է տարվեն, որ նման ձևակերպումները բացառվեն: