25 պաղեստինցի է զոհվել՝ փախստականների ճամբարի վրա ավիարհարվածի հետեւանքով /վիդեո/
Դամասկոսում պաղեստինցի փախստականների “Յարմուկ” ճամբարում ավիահարվածի հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել, հաղորդում է “Reuters”-ը՝ հղում անելով ապստամբ ակտիվիստներին: “AFP”-ի տվյալներով՝ զոհերի թիվը անհամեմատ ավելի քիչ է՝ 8 մարդ: Իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը գտնվում են ծայրահեղ վիճակում:
Սիրիայում բնակվում է ավելի քան 500 հազար պաղեստինցի, որոց մեծ մասը՝ “Յարմուկում”: Փախստականներ կան ինչպես կառավարական զորքերի կազմում, այնպես էլ ապստամբների մեջ: Ինչպես տեղեկացնում է “BBC news”-ը, Դամասկոսի հարավային մասերում սա արդեն 6-րդ ավիահարվածն է պաղեստինյան ճամբարների վրա:
Բացի Դամասկոսից թեժ մարտեր են շարունակվում նաեւ Հալեպում, որտեղ 5օր շարունակվող մարտերից հետո ապստամբները ՝ արմատական իսլամիստների օգնությամբ գրավել են ռազմական բազան:
Զինված հակամարտությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ նրա հակառակորդների միջեւ շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 40 հազար մարդ է զոհվել: