Երկրորդ կյանք տալով հին հագուստին. Ներսես Օհանյան. հայտնի հայերը շարքից /ֆոտո/
ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՅԱՆ
«Նա, ով ռիսկային ներդրումներ է անում, կարող է ամեն ինչ կորցնել, սակայն ոչինչ չներդնել` նշանակում է առհասարակ ոչինչ չստանալ»:
Այսօր Օհանյան եղբայրների ընկերությունն առաջատար դիրք է գրավում օգտագործված հագուստի իրացման եւ վերաշրջանառության համաշխարհային շուկայում: Ավելի քան 30 տարի է՝ նրանք հին հագուստին երկրորդ կյանք են տալիս: Այն, ինչ համեստորեն սկսվել է ընդամենը հինգ աշխատակցի ջանքերով, վերաճել է 2000 աշխատատեղ ունեցող ձեռնարկության: Մինչ Ներսեսը կենտրոնացած է ռազմավարական աճի թիրախների վրա, Հակոբը նոր շուկաներ է գրավում, եւ այս համակցված մոտեցումը թույլ է տվել եղբայրներին այնպիսի մի կայսրություն աճեցնել, որն 90 երկրում զբաղվում է օգտագործված հագուստի իրացմամբ եւ մասնաճյուղեր ունի վեց մայրցամաքներում, գրում է 100LIVES.COM-ը:
Ամեն օր ամբողջ Եվրոպայից մինչեւ 400 տոննա օգտագործված հագուստ առաքվում է SOEX GROUP ընկերության՝ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Վոլֆեն քաղաքում տեղակայված տեսակավորման գործարան:
Կայուն զարգացման իր փիլիսոփայությամբ SOEX GROUP ընկերությունը ներկայացվել է, ի թիվս այլոց, գերմանական «Գալիլեո» գիտահանրամատչելի հեռուստատեսային ծրագրի շրջանակում: Հատուկ պահանջների բավարարող տեխնոլոգիայի մշակման միջոցով ընկերությունն այժմ հույս ունի ձեռք բերել կոշիկի վերաշրջանառության հնարավորություններ: Գործընթաց, որի իրականացումը մինչ օրս բարդ էր այնքան, որ «Spiegel» թերթի առցանց տարբերակը գրել է, թե դրա բարեհաջող իրականացումը սենսացիա կլինի: Այժմ անվերջ տեսակավորման գործարան են այցելում բարձրաստիճան քաղաքական գործիչներ, որոնք հայտնի են շրջակա միջավայրի պահպանության հետ կապված իրենց մտահոգություններով: 2012 թվականին Եվրոպական վերաշրջանառության ընկերությունը (European Recycling Company), որը SOEX GROUP ընկերության դուստր ձեռնարկությունն է, արժանացել է թափոնների վերաշրջանառությունն ու կառավարումը խրախուսող «Zero Waste Award» արծաթե մրցանակին:
Ես վարձահատույց կլինեմ
Գերմանիայում ընկերությունը ղեկավարում է Ներսեսը, որը ծնվել է Սիրիայում եւ Գերմանիա եկել 14 տարեկանում, որպեսզի օգնի հորը՝ Սուրենին: «Մենք դժվարին ժամանակների միջով ենք անցել: Երբ Սիրիայում բռնկվեց քաղաքացիական պատերազմը, մենք ամեն ինչ կորցրեցինք ու շատ մեծ պարտքեր կուտակեցինք: Ես այն ժամանակ դեռ դպրոցահասակ էի: Շատ հաճախ մենք ուտելու ոչինչ չէինք ունենում: Ատում էի աղքատ լինելը»,- ասում է Ներսեսը: Թեպետ Ներսեսը չափազանց կարիքավոր էր եւ չէր խոսում գերմաներեն, նա գիտեր, որ իր պարտականությունն է ամեն գնով ավելի լավ կյանքով ապահովել ընտանիքը:
Այդ ժամանակ Ներսեսի հայր Սուրենն զբաղվում էր մեքենաներով եւ ավտոպահեստամասերով: Նա դրանք գնում էր Գերմանիայից կամ ԱՄՆ-ից եւ վերավաճառում իր հայրենի երկիր Սիրիայում: «Դեպի Գերմանիա իմ առաջին ճամփորդության ժամանակ էր, որ սիրահարվեցի այդ երկրին: Կանոնները, կարգը, մաքրությունը՝ այդ ամենն ինձ շատ գրավեց»,- հիշում է Սուրենը:
1997թ. Սուրենը Գերմանիայում հիմնում է SOEX GROUP ընկերությունը: Հայր ու որդի օրական 12-ից մինչեւ 14 ժամ էին աշխատում, իսկ ընտանիքը բնակվում էր հեռավոր Սիրիայում: Երեք տարի անց նրանց ֆինանսական դրությունը բավականաչափ կայունացավ, եւ ընտանիքի մյուս անդամները նույնպես կարողացան տեղափոխվել Գերմանիա:
Այդուհանդերձ, հաջողության ուղին խորդուբորդ էր: Մեկ անգամ չէ, որ նրանց մոլորեցրել ու դավաճանել են մարդիկ, որոնց վստահել էին: Երբ ընկերությունը տարեկան երկու միլիոն գերմանական մարկի եկամուտ սկսեց ապահովել, բիզնես գործընկերներից մեկը յուրացրեց ամբողջ շահույթը: «Ես տեսա, թե որքան էր հայրս ցնցված այդ ամենի պատճառով ու խոստացա՝ «պա՛, մի՛ անհանգստացիր, ես կզբաղվեմ դրանով»»,- պատմում է Ներսեսը:
Նա ծրագիր ուներ. կենտրոնանալ խոշոր ընկերությունների վրա, որոնք գործում են օգտագործված հագուստի շուկայում: «Այն ժամանակ օգտագործված հագուստի հավաքմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություն կար Համբուրգում, որոնցից մեկը «Melosch»-ն էր, որը պայմանագիր ուներ Աքսել Սպրինգերի հետ, իսկ մյուսը ղեկավարվում էր մի լավ ու հեղինակավոր գործարարի կողմից: Ես գնացի նրա մոտ ու ասացի. «Պարոն Յորգ, անունս Ներսես Օհանյան է: Ես բոլորովին գումար չունեմ, բայց եթե դուք ինձ ապրանք ու վարկ տրամադրեք, ես վարձահատույց կլինեմ»: Ես մինչեւ հիմա հիշում եմ, թե նա ինչպես նայեց ինձ, հետո վերցրեց հեռախոսափողը՝ ինչ-որ մեկին կարգադրելով ուղարկել ինձ ապրանքը, ընդ որում՝ ամբողջը: Իսկ «ամբողջը» 600-700 տոննա էր: Նա ինձ 400 հազար գերմանական մարկի չափով վարկ տրամադրեց: Պարզապես վստահեց ինձ»:
Ներսեսն այնպես է պատմում այս պատմությունը, կարծես այն երեկ է տեղի ունեցել: Այժմ իր կյանքի վեցերորդ տասնամյակի կեսերին գտնվելով՝ նա թողնում է ազնիվ, խանդավառ ու էներգիայով լի մարդու տպավորություն: Հավանաբար նրա ակնհայտ խարիզման է ճանապարհ հարթել դեպի բարձունք: 1995թ. Սուրենը կառավարման լծակները փոխանցել է իր որդիներին՝ Ներսեսին ու Հակոբին, եւ ընկերությունն այդ ժամանակից ի վեր վերելք է ապրում:
Հարկադրված է ընտրել
Հարյուր տարի առաջ Օհանյանների ընտանիքը բախվեց գոյատեւման հետ կապված մարտահրավերների. նրանց եւս չշրջանցեց 1915 թվականի աղետը: «Հայրս կորցրեց իր ընտանիքն ու ընկերներին եւ ինքն էլ մի կերպ փրկվեց»,- պատմում է Սուրենը, որն իր առաջնեկին Ներսես է անվանել հենց իր հոր պատվին: «Նրանց ընդհանրությունը միայն անունը չէ,- ասում է Սուրենը,- առաջին հերթին՝ անհատականությունն է»: Այն մութ օրերին եթե որեւէ մեկն ավագ Ներսեսին ասեր, որ նա վերապրելու է Հայոց ցեղասպանությունը, իսկ ժառանգներն օգտագործած հագուստի վերաշրջանառության մի կայսրություն են կառուցելու, նա ոչ մի բառի չէր հավատա:
1914 թ. նոյեմբերին, երբ օսմանյան կառավարությունը ներգրավվեց առաջին համաշխարհային պատերազմում՝ պատերազմ հայտարարելով Անտանտի ուժերին, Ներսես ավագին հարկադրաբար զորակոչեցին բանակ: 1915-ի ապրիլի վերջին օրերին, երբ Կոստանդնուպոլսում հայ մտավորականների մի մեծ խումբ ձերբակալվեց՝ որպես պատրվակ՝ նախաձեռնելու հայ զինվորների զինաթափումն ու սպանությունը եւ սկսելու հայ խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ կայսրության ողջ տարածքում, Ներսեսը հարկադրված էր Գալիպոլիի ճակատամարտում պայքարել բրիտանացիների դեմ: Այդ երկարատեւ ճակատամարտի ընթացքում նա ոտքի հատվածում երեք տեղից վիրավորվում է հրազենից եւ հայտնվում հիվանդանոցում: «Այն ժամանակ, երբ նա արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից, որպեսզի կրկին վերատեղակայվի առաջին գծում, նրա բոլոր մարտական ընկերներն արդեն սպանվել էին ռազմական գործողությունների հետեւանքով»,- պատմում է Սուրենը: «Հայրս շտապեց վերադառնալ իր հայրենի գյուղը՝ Հռոմկլա, որպեսզի իր հարազատներին օգնի ապահով վայր տեղափոխվել՝ հատելով Եփրատը»:
Հռոմկլա փոքրիկ գյուղը գտնվում էր Գալիպոլիի թերակղզու վրա, Եփրատ գետի ափին, Այնթապի եւ Ուրֆայի միջեւ ընկած հատվածում (ներկայում՝ Գազիանթեպ եւ Շանլըուրֆա, Թուրքիայի հարավարեւելքում): Մինչեւ 1915 թվականը գյուղում մոտ 40 ընտանիք էր բնակվում: Այսօր գյուղից մնացել են միայն միջնադարյան ամրոցի ավերակները:
Ներսես ավագը երկու մեծ նավակ է վարձակալում, յուրաքանչյուրը՝ երկու հոգուց բաղկացած անձնակազմով: «Երկու նավակները կարող էին հեշտությամբ տեղավորել մի քանի ընտանիք»,- բացատրում է Սուրենը,- հայրս վճռականորեն որոշել էր փրկել հնարավորինս շատ համագյուղացի՝ այդ փորձի ընթացքում վտանգելով սեփական կյանքը»:
Ներսես ավագն իր սեփական փոքրիկ նավակով թիավարեց մինչեւ գյուղը, որպեսզի նախապես պայմանավորված վայրում հանդիպի իր ընտանիքին: Կանգ առնելով գետի ափին՝ նա սպասում է, որ երկու մեծ նավակները ժամանեն, բայց դրանք այդպես էլ չերեւացին: «Հավանաբար թուրք պահակները կանգնեցրել էին դրանք ու հետ ուղարկել: Պատճառը, որ հայրս կարողացել էր հասնել գյուղին իր սեփական փոքրիկ նավակով, առաջին հերթին, անշուշտ, օսմանյան բանակի նրա համազգեստն էր»,- ասում է Սուրենը:
Այդ ծանր իրավիճակն արագ որոշում էր պահանջում:
Իր փոքրիկ նավակում միայն մեկ հոգու տեղ ունենալով՝ Ներսես ավագն իր հետ է վերցնում իր փոքր զարմիկին՝ Հակոբ Չերջյանին:
Անվտանգ վայր հասնելուն պես նրանք իմանում են, որ բոլոր համագյուղացիները կոտորվել են, իսկ նրանց տները թալանել ու այրել են: «Հայրս այլեւս երբեք չտեսավ իր ընտանիքին»,- պատմում է Սուրենը:
Հայերի համար իրավիճակն օր օրի վատթարանում էր. օսմանյան բանակում ծառայող հայ զինվորներին արդեն զինաթափել էին ու, որպես հավանական դավաճանների, մահապատժի ենթարկել: Կայսրության ողջ տարածքում հայկական վերնախավի ներկայացուցիչներին հետապնդում ու սպանում էին: Դեռեւս ողջ մնացածներից շատերին հարկադրաբար ուղարկեցին անավարտ Բաղդադի երկաթուղում բանվորական աշխատանքների: Այդ ճակատագիրը բաժին հասավ նաեւ Ներսես ավագին: «Աշխատանքն անչափ տաժանակիր էր, իսկ բանվորների աստիճանական եւ համակարգված բնաջնջումը ծրագրի մի մասն էր: Երկար տարիներ շարունակ հայրս ստիպված էր աշխատել կիզիչ արեւի տակ»,- հիշում է Սուրենը:
Բիրեջիքն ու նրա ընկեր Ալին
Չնայած այդքան ցավ ու տառապանքի միջով էր անցել 24 տարեկանում, Ներսես ավագը մնաց լավատես ու բարեգութ: «Հայրս մեծահոգի ու պատվարժան մարդ էր: Ինչ էլ ուներ՝ բոլորի հետ էր կիսում: Նա սիրում էր մարդկանց. նրանց ազգությունն ու կրոնը որեւէ նշանակություն չուներ իր համար: Նա միշտ ասում էր. «Լավ մարդիկ կան ամենուր»»,-ասում է Սուրենը: Նրա իրավացիությունն ապացուցվեց: Բիրեջիքում՝ Թուրքիայի հարավարեւելյան մի քաղաքում, որը Սիրիայի հետ ներկայիս սահմանից ոչ այնքան հեռու է գտնվում, նա հանդիպում է ազգությամբ քուրդ Ալիին: Նրանք միասին աշխատում էին քարածխի արտադրությունում: «Նրանցից եւ ոչ մեկը մարդկանց մասին չէր դատում կրոնի հիման վրա: Նրանք մեկը մյուսին փոխլրացնում էին: Մինչ Ալին ածուխն էր նախապատրաստում, հայրս զբաղվում էր դրա տեղափոխման հարցերով. երկուսով որպես թիմ շատ լավ էին աշխատում»,- պատմում է Սուրենը:
Նրանք շատ էին շրջագայում ու աշխատել են բազմաթիվ վայրերում: Չնայած ցեղասպանությունից մի քանի տարի էր անցել, հայերին դեռեւս հետապնդում էին Թուրքիայում: «Այդ օրերին թուրքերն անդադար փորձում էին սպանել հորս, սակայն ամեն անգամ Ալին հայտարարում էր, թե նա Ջումա անունով քուրդ է»,- նշում է Սուրենը:
Հետագայում հայրս հաճախ էր պատմում մեզ Ալիի մասին՝ նշելով, որ նա լավ, վստահելի ու արդար մարդ էր: Հայրս խորապես երախտապարտ էր նրան:
1920-ական թվականներին Ներսես ավագը նախ ժամանում է Ջարաբուլուս կոչվող փոքրիկ քաղաքը, ապա իր կնոջ՝ Արուսյակ Քեթցեջյանի ու իրենց չորս զավակների հետ վերջնականապես հաստատվում Հալեպում: Նա աշխատում էր գյուղատնտեսության բնագավառում՝ ֆրանսիական մի ընկերությունում: «Յուրաքանչյուր առիթով հայրս պատմում էր մեզ իր կյանքի մասին՝ ամեն անգամ իր պատմությունն սկսելով հետեւյալ բառերով. «Մարդկանց վրա արձակված փամփուշտները վերջ են տալիս նրանց կյանքին, իսկ ես դրանց շնորհիվ եմ փրկվել»»,-հիշում է Սուրենը: Ներսես ավագն ապրեց մինչեւ 103 տարեկան:
Ոչինչ չներդնել՝ նշանակում է առհասարակ ոչինչ չստանալ
Բացի SOEX GROUP ընկերության համանախագահը լինելուց, Ներսեսը յոթ տարի առաջ հիմնեց եւս մեկ՝ «I:Collect» (I:CO) ընկերությունը: Որպես վերաշրջանառության բիզնեսում առաջադեմ մտածողության առաջամարտիկ՝ «I:CO» ընկերությունը Նյու Յորքում արժանացել է արտադրանքի վերաշրջանառության ասպարեզում նորարարության համար տրվող «Cradle to Cradle Systems Innovator Award» մրցանակին: Բացի այդ, այն աշխարհով մեկ համագործակցում է ավելի քան 60 առեւտրային գործընկերների, այդ թվում՝ H&M, PUMA, North Face եւ Levi’s ընկերությունների հետ:
Նրա ընդարձակ գրասենյակի մեծ պատուհանները բացվում են մի տարածքի վրա, որտեղ օրական շուրջ 30 բեռնատար մեքենաներ օգտագործված հագուստ են տեղափոխում: Սեւեռուն հայացքն ուղղելով տեսակավորման գործարանին՝ Ներսեսն ասում է. «Եթե ցանկանում եք հաջողության հասնել, պետք է պատրաստ լինեք ռիսկի դիմել: Նա, ով ռիսկային ներդրումներ է անում, կարող է ամեն ինչ կորցնել, սակայն ոչինչ չներդնել՝ նշանակում է առհասարակ ոչինչ չստանալ»:
Աղբյուր` https://100lives.com/hy/stories/detail/regular/8536/-