Տեղեկատվության տրամադրման նոր կարգ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնից» տեղեկացնում են, որ 2015թ.-ի հոկտեմբերի 15-ին, ՀՀ կառավարության նիստով ընդունվեց Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը:
Ըստ այդմ, կսահմանվի նաև տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը, ինչպես նաև կապահովվի յուրաքանչյուր անձի` իր փնտրած տեղեկատվությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ տեղեկատվության տնօրինողին դիմելու և այդ տեղեկատվության ստանալու իրավունքների առավել արդյունավետ իրականացումը:
Հիշեցնենք, որ այս կարգի ընդունումը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, եւ դրա ընդունմանը սպասում էինք 2003թ.-ից` ՏԱ մասին օրենքի ընդունումից ի վեր:
Ի՞նչ դրական փոփոխության կհանգեցնի այս կարգի ընդունումը լրագրողների եւ քաղաքացիների համար տեղեկատվություն փնտրելու գործում։
- Առաջին բարեփոխումը էլեկտրոնային տարբերակով հարցում ներկայացնելու եւ պատասխան ստանալու գործընթացի կարգավորումն է։ Կարգը որպես հարցում ուղարկելու եղանակ է դիտում նաեւ էլեկտրոնային փոստը կամ պաշտոնական կայքերի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից հարցման ուղարկումը։ Կարգը, սահմանելով հարցումների գրանցման կարգը` նշել է ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաեւ էլեկտրոնային փոստային հասցեից, նյութական կրիչին գրանցված վիճակում կամ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից առցանց տվյալ մարմին ուղարկված հարցումները: Սա դրական մեծ առաջընթաց կարձանագրի տեղեկատվության ազատության ոլորտում՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու միջոցները, տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ փոխհարաբերությունները կդարձնի առավել արդյունավետ եւ պարզ (Որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետ)։
- Համակարգվում եւ կարգավորվում է ՏԱ պատասխանատուների աշխատանքը։ Կարգը սահմանում է, թե տեղեկատվություն տնօրինող յուրաքանչյուր մարմնում ով է ՏԱ պատասխանատու անձը. ըստ կարգի` տեղեկատվություն տնօրինողի կողմից տեղեկության ազատության ապահովման համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը կամ տեղեկատվություն տնօրինողի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը: Այս դրույթով կարծում ենք կհեշտանա քաղաքացիների եւ հատկապես լրագրողների կապը տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ, որովհետեւ այսուհետ պարզ է, թե ով է ի պաշտոնե պատասխանատու լինելու տեղեկատվության ազատության համար, այլեւս տեղեկություն տնօրինողները չեն կարողանա անհարկի դռնից-դուռ ուղարկել քաղաքացիներին` այս կամ այն տեղեկությունն ստանալու համար: Նաեւ` կարգը սահմանում է, որ Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոս) պետք է տեղադրվեն տվյալ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում` գլխավոր էջի ակնհայտ տեսանելի մասում: Այսինքն, ՏԱ պատասխանատուն այլեւս անհայտ կամ անհասանելի մնալու շատ քիչ հնարավորություններ կունենա (Որոշման 1-ին հավելվածի 2-5-րդ կետեր):
- Վերջապես լուծում է տրվում տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության հարցին։ Կարգը ապահովում է տեղեկատվության ազատության կիրառման պրակտիկայի ամբողջական պատկերի առկայությունը։ Կարեւոր է, որ վիճակագրությունը վարվելու է ըստ հարցումների բովանդակության։ Որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետ – Վիճակագրությունն իրականացվում է ըստ բանավոր, գրավոր, վերահասցեագրված, մերժված և բավարարված հարցումների: Վիճակագրական տվյալները առնվազն պարունակում են ստացված հարցումների ընդհանուր թիվը և տեսակը: Ամենամյա վիճակագրական տվյալները հրապարակվում են տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում:
- Կարգը խրախուսում է պրոակտիվ տեղեկատվության ազատությունը՝ լրացնելով եւ հարստացնելով ՏԱ օրենքով սահմանվող կարգավորումները։ Կարգը նախատեսում է, որ եթե տեղեկատվություն տնօրինողը որեւէ հարցի վերաբերյալ հաճախ է ստանում հարցումներ, ապա պետք է դրանք ամփոփի ու տեղադրի իր պաշտոնական կայքում։ «Տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքը պետք է ունենա «հաճախակի տրվող հարցեր» կամ այլ համապատասխան բաժին, որտեղ հրապարակվում են պարբերաբար (հինգ և ավելի անգամ) տրված միևնույն հարցերը և դրանց պատասխանները» (Որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետ):
- Կարգավորում է մասնակի մատչելիության հարցը։ Կարգը եւս մեկ անգամ վերահսատատել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի դրույթը, որ եթե պահանջված տեղեկությունների մի մասի տրամադրումը ենթակա է մերժման, ապա մնացած մասը պետք է ամեն դեպքում տրամադրվի` միաժամանակ սահմանելով, որ նման դեպքերում տրամադրման ենթակա տեղեկությունները չպետք է խմբագրվեն, օրինակ, եթե փաստաթղթի մի հատվածը կամ տողը գաղտնիք է պարունակում, մյուս հատվածը՝ ոչ, ապա փաստաթուղթը “…պետք է տրամադրվի մերժման ենթակա տեղեկությունները անընթեռնելի դարձնելու (ծածկելու, սևացնելու կամ ջնջելու) միջոցով` չխմբագրելով տեղեկության (փաստաթղթի) մնացած մասը” (Որոշման 2-րդ հավելվածի 6-րդ եւ 7-րդ կետեր):
- Սահմանում է հստակ պահանջ տեղեկատվություն ստանալու հարցմանը տրվող պատասխանի բովանդակության ամբողջականության վերաբերյալ։ Որոշման 2-րդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ հարցման պատասխանը պետք է լինի սպառիչ և որոշակի` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում տեղեկատվություն տնօրինողը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լիարժեք պատասխանները:
- Կարգով սահմանվել են հնարավորություններ հարցմամբ դիմողի համար պատասխանը ստանալուց հետո հետադարձ կապ պահպանել պետական մարմնի հետ, եթե որեւէ պարզաբանման կարիք կա պատասխանի բովանդակության հետ կապված: Այսպես, կարգի համաձայն` առցանց համակարգով դիմողը կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, համարը, պատասխանի բովանդակությունը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում (Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետ):
- Կարեւոր է, որ կարգը լուծել է նաեւ տեղեկություն ստանալու համար վճարների հարցը, զրկելով տեղեկություն տնօրինողներին կամայականորեն տեղեկության տրամադրման համար մեծ գումարներ սահմանելու հնարավորությունից: Այսպես, կարգը ամրագրում է 10 էջ տեղեկությունն անվճար ստանալու օրեսդրական դրույթը` նշելով, որ “10 էջը գերազանցող տեղեկության համար գանձվող գումարի չափը չպետք է գերազանցի տեղեկության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերի չափը` ոչ ավելի, քան 10 (տասը) ՀՀ դրամ` յուրաքանչյուր գերազանցող էջի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Նյութական կրիչի տրամադրման համար գանձվում է գումար` ոչ ավել, քան 100 (հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր կրիչի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ” (Որոշման 2-րդ հավելվածի 10-րդ կետ):
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվել է Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը, ուժի մեջ կմտնի 2016թ.-ի հունվարի 1-ից: