26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Երիցուկ” խաղալու հերթը ՀԱԿ առաջնորդինն է. Առավոտ

Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու “երիցուկի”  հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սինչեւ որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են` “որոշել է առաջադրվել”, “որոշել է չառաջադրվել”: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է` ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որեւէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է:
Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ` վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ` այսօր կառնեմ, կուզեմ` մի շաբաթ հետո, կուզեմ` ընդհանրապես չեմ առնի` ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարեւաններս ու բարեկամներս էլ “հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը”: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է` այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների եւ արտասահմանյան ազդակների վրա: Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեռ կարելի է հասկանալ` նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով` առանց բռնությունների եւ սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, եւ նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները:
Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները: Պարզ օրինակ, այսօր կարելի է, չէ՞, խոստովանել, որ Դաշնակցությունը փակելը սխալ էր` ներկայիս քաղաքական վիճակի վրա դա որեւէ բացասական ազդեցություն չի թողնի: Բայց ոչ, այդ անհեթեթ քայլն այսօր էլ է արդարացվում: Կամ ավելի թարմ օրինակ, այսօր պարզ է, չէ՞, որ ՀԱԿ-ի “բարգավաճական” խաղերն առնվազն անիմաստ էին, եւ կարելի է ասել` “ժողովուրդ, սխալվեցինք, մեր հաշվարկները սխալ էին”: Բայց փոխարենը առասպելներ են հյուսվում այն մասին` իբր ավազակապետական բուրգից մի բեկոր պոկվեց, եւ դա ՀԱԿ-ի իմաստուն քաղաքականության արդյունքն է: Սխալը պետք է խոստովանի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Լեւոն Զուրաբյանը, որի վրա անպատեհ հարձակումները վերջերս, չգիտես ինչու, շատացել են:
Բայց, ի վերջո, առաջադրվել, թե չառաջադրվել: Իմ կարծիքով` ստեղծված իրավիճակում` երկրորդը: Պետք չէ, որ Հայաստանի առաջին նախագահը, որի ծառայությունները պետության եւ ազգի առաջ անվիճելի են, ստանա ձայների 7-10 տոկոս: Բայց ՀԱԿ-ը պետք է առաջադրի իր թեկնածուին: Այդ մասին` հաջորդ դասին:

Արամ Աբրահամյան, “Առավոտ”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ