Ով ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում տրվեց…
՛՛Երիցուկային այս քաղաքականությունը՝ կդնի, չի դնի, սիրում է, չի սիրում, ով ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում տրվեց, ինձ և իմ կուսակցությանը չեն հետաքրքրում, քանի որ դրանից չպետք է ակնկալել որևէ բարելավում իմ ժողովրդի համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակին, մասնավորապես ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի որոշմանը, ասել է ՛՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
ԲՀԿ-ի որոշումը նա անսպասելի չի համարում.՛՛Ես երեք տարի առաջ, երկու տարի առաջ, մեկ տարի առաջ, մեկ ամիս առաջ ասել էի՝ նա չէր կարող անկառավարելի լինել, որովհետեւ դուք գիտեք, թե այդ կուսակցությունն ով է ստեղծել եւ ինչ նպատակների համար՛՛:
Սուրեն Աբրահամյանի խոսքով` ՀՀ քաղաքական դաշտն այսօր ամայացած է եւ որեւէ լուրջ ֆավորիտ տեսադաշտում չկա: Նրա խոսքով, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Սերժ Սարգսյանը նորից նախագահ կդառնա: Բանախոսը կարծում է, որ ֆորսմաժորային իրավիճակ սոցիալական խնդիրներով պայմանավորված, Հայաստանում ստեղծված իրավիճակում չի կարող լինել: Ֆորսմաժորային իրավիճակ կարող է ստեղծվել միայն ազգային հարցերի շուրջ, ինչը նույնպես քիչ հավանական է: Հարցին, թե իր կարծիքով Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց.՛՛ Չգիտեմ, դա ՀԱԿ-ին հարցրեք, Լեւոն Զուրաբյանին հարցրեք, որովհետեւ ամենածանրը նա տարած կլինի՛՛/նկատի ուներ Ծառուկյանի չառաջադրվելը,-խմբ/:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ում հետեւից կգնա ԲՀԿ ընտրազանգվածը, Սուրեն Աբրահամյանը նշեց.՛՛Մի քիչ բարդ հարց է, այդ ընտրազանգվածը որոշակի խոստումների արդյունքում է ձեւավորվել, նայած թե ինչ խաղացող կլինի եւ ինչ խոստումներ կտա՛՛:
Սուրեն Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ գործող նախագահին այս երկու ամսվա ընթացքում լուրջ հակառակորդ չի կարող ձեւավորվել: Անդրադառնալով միասնական թեկնածուի հնարավորության մասին հարցին, Սուրեն Աբրահամյանը նշեց.՛՛Չեմ կարծում, որ լուրջ հակառակորդ ձևավորվի՛՛:
Միասնական թեկնածուի մասին հարցին ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամն ասաց.՛՛Դա ինձ համար անհասկանալի է, արդեն մի քանի միասնական թեկնածու կա, կարծեմ, չէ՞՛՛: