Գալուստ Սահակյանին ու Հայկ Բաբուխանյանին մերժեցին
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի՝ ՛՛Գովազդի մասին»՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Էկոնոմիակայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ վերոնշյալ նախագծով շահումով խաղերի և խաղատների մասով ներկայացված առաջարկություններին: ՛՛Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը համանման նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացված նախագծում՛՛,-ասաց Պետրոսյանը:
՛՛Ինչ վերաբերում է վիճակախաղերի գովազդի սահմանափակմանը, ապա անընդունելի ենք համարում վիճակախաղերի մասով ներկայացված առաջարկությունները, քանի որ վիճակախաղը հրապարակային միջոցառում է և նման մոտեցման ընդունումը նույնն է, ինչ արգելել վիճակախաղերի կազմակերպումը Հայաստանում: Ավելի նպատակահարմար է կանոնակարգել վիճակախաղերի գովազդները և դրանց քանակները, ինչն էլ արդեն իսկ կարգավորված է ներկայումս գործող ՛՛Գովազդի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքով՛՛,-ընդգծեց Պետրոսյանը:
Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ պատգամավորների ներկայացրած նախագծով կատարված փոփոխությունները նեղացնում են ՛՛Գովազդի մասին՛՛ ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով կարգավորված հարաբերությունների շրջանակը: Մասնավորապես՝ օրենքի նշված հոդվածները վերաբերում են զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում, տրանսպորտում իրականացվող գովազդին, սոցիալական գովազդին: Մինչդեռ նախագծով նախատեսված դրույթները կարգավորում են միայն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի հետ կապված հարաբերությունները: Այս առումով անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացումներ նշված հոդվածներում, այլ ոչ թե ամբողջությամբ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ ըստ Պետրոսյանի:
Նման կերպ կառավարությունն առաջարկեց Գալուստ Սահակյանին և Հայկ Բաբուխանյանին այս նախագիծը քննարկել կառավաևության հետ: ՛՛Առաջարկում ենք, որ իրենք միանան կառավարության առաջակած փաթեթին լրամշակումներ անելու համար՛՛,-եզրափակեց Արա Պետրոսյանը: