22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հնարավորություններն ընդլայնվում են

 Հոկտեմբերի 25-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական ծառայությանը և հանրային կառավարմանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էլվիրա Դանան:

Համագործակցությունն առաջին հերթին ուղղվելու է քաղաքացիական ծառայողներին ԱՄՆ-ում մասնագիտական զարգացման փոխանակման, վերապատրաստման ծրագրերում ներառելուն, տեղեկատվության փոխանակմանը և ընդհանրապես քաղաքացիական ծառայության և հանրային կառավարման բոլոր այն ոլորտներում Հայաստանին աջակցության ցուցաբերմանը, որոնց նկատմամբ կողմերը կհայտնեն իրենց համաձայնությունը:

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչությանը շնորհակալություն հայտնելով քաղաքացիական ծառայության վերապատրաստման ոլորտում համագործացկության պատրաստակամության համար` պարոն Բադալյանն իր խոսում նշեց, որ քաղաքացիական ծառայության համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից վերապատրաստումը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև անմիջականորեն ազդում է ժամանակի պահանջներին համընթաց ծառայողների մասնագիտական կարողությունների, կառավարչական հմտությունների անընդհատ կատարելագործման, հասարակությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման վրա: “Մենք վերապատրաստման կարիքների բացահայտման, հատկապես նպատակային ծրագրեր իրականացնելու և քաղաքացիական ծառայողների մոտիվացիան այս ուղղությամբ բարձրացնելու խնդիր ունենք և հուսով ենք, այս համագործակցությունը կնպաստի այդ խնդիրների լուծմանը”,-ասաց ՀՀ ՔԾԽ նախագահը:

Տիկին Դանան իր հերթին ընդգծեց, որ Ամերիկյան խորհուրդների և ՀՀ ՔԾԽ-ի հետաքրքրություններն այս հարցում համընկնում են և իրենց ռեսուրսների շրջանակներում պատրաստ են աջակցել քաղաքացիական ծառայության և հանրային կառավարման ոլորտներում պետական ծառայողների վերապատրաստումների կազմակերպմանն ու իրականացմանը, փորձի փոխանակմանը: “Մեզ համար ողջունելի է այն հետևողականությունը, որը դրսևորվում է պետական ծառայության համակարգում մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստելու գործում”,-ասաց Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության տնօրենը:

Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը գործելու է հինգ տարի ժամկետով:

Ամերիկյան խորհուրդները կրթական և միջազգային վերապատրաստման ամերիկյան առաջատար կազմակերպություններից է, որը Հայաստանում իրականացնում է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող ծրագրեր: Կազմակերպությունը Հայաստանում գործունեություն է ծավալում 1996-ից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ