17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես էն տղամարդն ե՞մ, որ կինս աշխատի

Հայ տղամարդկանց բավականին մեծ մասին բնորոշ մտածելակերպից, թե կնոջը տարաբնույթ վտանգներից հեռու պահելու մղումից ելնելով` բազմաթիվ ամուսիններ արգելում են իրենց կանանց աշխատել: “Մի՞թե ես էն տղամարդն եմ, որ կինս աշխատի: Ինչ է, չե՞մ կարող ապրուստս վաստակել»,- պատճառաբանում են նրանք:Շատերն էլ հարկ չեն համարում անգամ մեկնաբանել իրենց արգելքը, քանի որ իրենց “ոչ”-ը քննարկման ենթակա չէ: Սակայն պարզից էլ պարզ է, որ խոսում է ամուսնու խանդն ու «սեփականատիրական» զգացումը. “Ինչո՞ւ պետք է կինս շփվի այլ տղամարդկանց հետ, ինչը անխուսափելի է, եթե նա աշխատի”:

Խնդիրն, իհարկե, անհատական է, և բազմաթիվ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ տարբեր վերաբերմունք ունեն կնոջ աշխատել-չաշխատելու հարցին: Ուստի իրավիճակի վերաբերյալ իր մասնագիտական կողմնորոշումը խնդրեցի ուղղել հոգեբան Դավիթ Ջամալյանին, ում պնդմամբ խնդիրն իսկապես եղել և մնում է ամենաարդիականներից մեկը բազմաթիվ զույգերի համար:

Հոգեբանի դիտարկում
“Միայն թերարժեք տղամարդը կարգելի կնոջն աշխատել”

Խնդիրը նրանում է, որ տղամարդը իր էությամբ ուժի մարմնացում է, և ենթագիտակցորեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ առկա են սեռային պատկերացումներ` ինչպիսին պետք է լինի կինը և ինչպիսին պետք է լինի տղամարդը: Ըստ էության` այս պատկերացումները համընկնում են: Այսինքն` կնոջ ընկալմամբ տղամարդը պետք է լինի ուժեղ, և հենց ուժեղ տղամարդկանց է, որ ձգտում են աղջիկները: Հանձինս տղամարդու` նրանք տեսնում են հոգեկան պատվարի, առողջ սերնդի շարունակությունը ապահովող անձնավորության:

Ի՞նչ է նշանակում ուժ: Խոսքն այս դեպքում միայն ֆիզիկական ուժի մասին չէ, կարևոր է նաև կարգավիճակը հասարակության մեջ, նրա հեղինակավոր, հարգված լինելը, կամային որակները: Տղամարդու դերը ընտանիքում ընտանիքի մատակարարը լինելու մեջ է, նրան է վերագրվում նյութական ապահովության գործառույթը: Եթե տղամարդը արգելում է կնոջը աշխատել, թերևս ունի այն մտավախությունը, որ կինը կարող է փխրուն էակի վերը նշված ընկալումից դուրս գալ և իր հզորությունը խաթարել: Որովհետև եթե կինն էլ սկսի աշխատել այնքան, ինչքան տղամարդը, վերջինս իրեն թերի կզգա, ուժեղ լինելու այդ ենթագիտակցական զգացումը կկորցնի: «Կինն էլ է աշխատում ինչքան ինքը, ինքն էլ նույնքան գումար է ստանում… Ուրեմն նա նույնքան ուժեղ է, ուրեմն ընտանիքում ինչ-որ բան այն չէ»,- մտածում են շատերը:

Բայց կա նաև խնդրի այլ կողմը: Կինը անպայման պետք է ինքնադրսևորման ոլորտ ունենա, աշխատի: Այսինքն` տանը նստելը կնոջ համար լավագույն տարբերակը չէ: Եվ տանը նստելու արդյունքում կարող ի հայտ գալ, օրինակ, բամբասկոտություն: Այն պարագայում, երբ կինը իր ակտիվությունը օգտագործելով կարող հաջողություն ունենալ, ավելի ներդաշնակ վիճակում հայտնվել: Իսկ այս դեպքում հարաբերություններն ավելի հանգիստ ու ներդաշնակ են լինում: Պարզապես կինը երբեք չպետք է նպատակ դնի հասնել տղամարդուն թե կարգավիճակով, թե ֆինանսական միջոցներ աշխատելով: Այսինքն` պետք է աշխատի, բայց ոչ ինքնանպատակ, միայն նրա համար, որ ապացուցի, թե կարող է աշխատել ամուսնու չափ: Սա անհարկի լարվածություն է առաջացնում ընտանիքում: Պետք է աշխատել աշխատելու համար, ոչ թե ինչ որ բան ապացուցելու համար: 

Ես համամիտ չեմ այն տղամարդկանց հետ, ովքեր արգելում են իրենց կանանց կամ ընկերուհիներին աշխատել: Գիտեմ բազմաթիվ օրինակներ, երբ շատ ուժեղ, կամային, հարգանք վայելող տղամարդիկ են թուլատրում իրենց կանանց աշխատել: Ցուցաբերելով այն ծայրահեղ մոտեցումը, որ կինը պետք է տանը մնա ու չաշխատի, խոսում է տղամարդու թերարժեքության մասին: Եթե տղամարդը իրեն ներքուստ ուժեղ է զգում, կնոջ աշխատանքը չի ընկալում որպես իր տղամարդկային կարգավիճակին ուղղված սպառնալիք:
Այլ կողմ էլ կա. երբ կինը սկսում է աշխատել, տղամարդու վերաբերմունքը կնոջ հանդեպ փոխվում է, ավելի է մեծանում կապվածությունը: Կինն ամեն անգամ նորովի է ներկայանում ամուսնուն: Մի քիչ էլ գումարվում է խանդը: Այսինքն` կնոջը կորցնելու զգացումը օգնում է, որ ընտանեկան հավատարմությունն ավելի ամրապնդվի, ընտանիքը կայուն մնա: Ամեն անգամ աշխատանքի գնալիս կինը իրեն հետևում է, փորձում նոր, թարմ լինել և դրանով իսկ ավելի հետաքրքիր է դառնում ամուսնու համար: Այն գիտակցումը, թե իր կինն այնքան լավն է, որ նաև այլ տղամարդկանց հետաքրքրությունն է շարժում (առանց որևէ հատուկ պատճառի, պարզապես իր գեղեցիկ լինելով) ավելի է կապում ամուսնուն կնոջ հետ:

Եվ մի բան էլ կուզեի շեշտել. աշխատել թույլ չտալը երբեք չպետք է կապել հայկական ավանդույթների հետ: Մեր հասարակությունում կան բարոյականությունը պահպանող շատ հստակ չափանիշներ, որոնք անհրաժեշտ են: Բայց հայկական մշակույթը կնամեծար մշակույթ է, հայկական մշակույթը կնոջը չի նվաստացնում, կնոջ անձը ճնշող ու արհամարհող մշակույթ չէ: Բարոյապես հասուն տղամարդը իր կնոջ աշխատելու մեջ միայն դրականը պետք է տեսնի, քանի որ դրանով ընտանիքն ավելի ամուր է դառնում:

Ամեն մարդ աշխարհ է գալիս ինչ-որ բանի համար: Եթե լավ ճանաչենք ինքներս մեզ, անպայման կգտնվի մի ոլորտ, որտեղ մենք կարող ենք ինքնադրսևորվել: Պահանջմունքերը տարբեր են. կանանցից ոմանք ծնվում են կարիեռայի համար, շատերն էլ իրենց լիովին բավարարված են զգում խաղաղ, կայուն ու բարեկեցիկ ընտանիք ստեղծելով և չեն էլ ձգտում մասնագիտական կայացման: Ամեն ինչ կախված է զույգից, բայց բոլոր դեպքերում պետք է զրուցել իրար հետ, հաշվի նստել իրար արժեքների ու ապրած զգացումների հետ: Այլապես կան բռնացող տղամարդիկ, որ իրենց կանանց իրենց իսկ ձեռքով դարձնում են վատ առումով ընդամենը «սերիալ նայող», նեղ կենցաղային խմդիրներից այն կողմ ոչինչ չնկատող, անբավարարված էակների: Երբեմն` անբավարարված բոլոր առումներով (կարծում եմ՝ ենթատեքստ պարզ է): Երբեմն հանդիպում ես կանանց, ովքեր անտեղի ագրեսիվ են, փնթփնթան, բամբասչի, և զգում ես, որ իրենք էլ մեղավոր չեն, որ դարձել են այդպիսին: Այլ բան չէր էլ կարող լինել, քանի որ տղամարդը կայանում է իր գործում, ստանում բազմազան լիցքեր կյանքից, իսկ կնոջ ներկան միօրինակ է ու տաղտկալի:

Ուրեմն` անպայման պետք է մտածել այս ամենի մասին: Եթե սիրում ես կնոջդ և ուզում ես նրան երջանիկ, ուրախ, բավարաված տեսնել, անպայման հաշվի նստիր աշխատելու նրա ցանկության հետ: Եթե լիարժեք տղամարդ ես, կարող ես էլի վերահսկել նրա գործողությունները, բացառել դավաճանության վտանգը: Կարևորը` յուրաքանչյուր պարագայում արա հնարավոր ամեն ինչ, որպեսզի կինդ չկորցնի իր կանացի ու մարդկային նկարագիրը:

աղբյուրը` erkusov.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ