Սերժ Սարգսյանը Թումանյանի տուն-թանգարանում էր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը եզրափակում է անցյալ տարեվերջին մեկնարկած հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները:
Ցուցահանդեսը նվիրված է հայ ընթերցանության պատմությանը և գրքի գեղարվեստական ձևավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները:
Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել հայաստանյան հինգ մշակութային կառույցների՝ Հովհ. Թումանյանի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախագծի շրջանակներում կազմակերպված միջոցառման ցուցադրանյութին:
Սերժ Սարգսյանը մեծանուն գրողի թանգարանում ծանոթացել է նաև Հովհ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին և դրանց պատշաճ պահպանման ու ներկայացման համար վերջին շրջանում իրականացված աշխատանքներին: