Ստյոպան կհասնի մինչեւ Եվրոդատարան. Առավոտ
“Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմում է ներկայացնում Սահմանադրական դատարան:
Ի՞նչ է նա պահանջում եւ ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ-ից: Այս հարցը հետաքրքրեց “Առավոտ”-ին:
“Ակնկալիքս ՍԴ դիրքորոշման արտահայտումն է իմ բարձրացրած խնդիրների վերաբերյալ: Էական է, թե ԿԸՀ-ի մեկնաբանություններից հետո արդյոք ՍԴ-ն կկրկնի՞ դրանք, թե՞ ոչ: Բայց ինձ համար դա լակմուսի թուղթ է լինելու, թե էլ ի՞նչ կարելի է սպասել առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, քանի որ դրանք հավասարապես կարեւոր են ոչ միայն թիվ 1-ում կատարվածին գնահատական տալու, այլեւ նախագահական ընտրություններում այդ երեւույթները բացառելու կամ հակառակը խրախուսելու առումով: Եթե ՍԴ-ն պնդեց այն դիրքորոշումները, որոնք հայտնել է ԿԸՀ-ն իմ բողոքի հիման վրա, ապա կարելի է ձեռքերը լվանալ եւ ասել, որ ընտրությունները Հայաստանում ավարտվել են: Իսկ եթե նա գոնե ԿԸՀ-ի մեկնաբանությունները ուղղեց ընտրական շտաբներին, վարչական ռեսուրսների, թեկնածուի ռեսուրսների չարաշահման կապակցությամբ, ապա ես վստահ եմ, որ միջազգային ատյաններում գոնե ես դրանց հասնելու եմ: Այն, ինչ արել է ԿԸՀ-ն, եւ ինչ որ անում են պետական մարմինները Հայաստանում, ճիշտ հակառակն է, ինչ պահանջում են միջազգային կազմակերպությունների առջեւ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: Հետեւաբար եվրոպական դատարանում իննսուն տոկոսով վստահ եմ, որ հաղթելու եմ: Իմ դիմումը՝ ՍԴ-ին ուղղված, բխում է բացառապես նրանց դիրքորոշումներից, գնահատականներից եւ չափանիշներից””,- գրում է թերթը։