Ո՞վ է պրաստիտուտկան. լրագրողը թե՞ գործարարը.Ժողովուրդ
Երեկ “Ժոդովուրդ”-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է “X գրուպ”-ի նախագահ, “Ջրաշխարհ”-ի սեփականատեր, “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի ղեկավար, “Վալենսիա” ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Վերջինս հերքել էր թերթի տեղեկությունը:
Սակայն թերթի աղբյուրները ոչ միայն շարունակում են պնդել, որ նման բան կա, այլեւ նոր մանրամասներ են ներկայացնում: Նախ՝ առաջին անգամը չէ, որ ԵԹՖ-ն տուգանվել է, բացի այդ, Խաչատրյանը խնդիրներ ունի նաեւ ՊԵԿ-ի հետ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ 2 շաբաթ առաջ Խաչատրյանը իր սեւ “Ռենջ ռովեր” մակնիշի մեքենայով գնացել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելու ու հենց շենքի մոտ մեծ աղմուկ է բարձրացրել, գոռգռացել: Երեկ կրկին, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, թերթը փորձել է Խաչատրյանից անձամբ պարզել, թե ինչու էր գնացել ՊԵԿ, ինչ խնդիրներ ունի առհասարակ: Ահա թե ինչ ինտելեկտուալ պատասխան է տվել գործարարը.
“Մոտ 2 ամիս առաջ ես իմ “Ռենջ ռովեր”-ով որսի եմ գնացել Ղարաբաղ… հաաա՜, Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելո՞ւ, ազիզ ջան, էդ հարցաքննում ես ինձի՞, հարց ես տալի՞… Իհարկե տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելո՞ւ: Դե գրի՛, ազիզ ջան, գրի՜, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»”- ասել է Խաչատրյանն ու անջատել հեռախոսը:
Թերթը ավելացնում է. “Ժամկետանց ձվեր վաճառող այս չարչին, իսկապես, ճիշտ էլ անում է, որ մտածում է, թե իրեն “մարդու տեղ” չեն դնում: Մարդու տեղ դնելու համար մարդը նախ պետք է տարբերվի կենդանուց: Իսկ Վալենսիայի Խաչիկն առանձնապես չտարբերվեց: Եվ իսկապես ողբալի է, որ Խաչիկի նման “պրաստիտուտկան” այսօր ներկայացնում է գործարար էլիտան:
Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականները շատացել են ու շատացել են հենց իշխանության հովանավորությամբ: Եվ այն աստիճան են հղփացել, որ լրագրողի հետ խոսելու տարրական կուլտուրա ու դաստիարակություն չունեն”: