14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտանիքը հայապահպանության ամենակարևոր օղակն է. պատմաբան

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՙԱզգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում՚ թեմայով հանդիպում-քննարկում։

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը ՙՀայ ընտանիքը և նրա ազգապահպան դերը՚ զեկույցում նշեց, որ դարեր շարունակ ազգային առանձնահատկությունները, հայ լինելու հանգամանքը, ազգային ինքնագիտակցությունը սերունդներին փոխանցվել են ընտանիքի միջոցով, այն եղել է հայապահպանության ամենակարևոր օղակը։ Նույն գործառույթն այժմ ընտանիքը կատարում է սփյուռքում։ ՙԱյսօր մի փոքր այդ խնդիրը վտանգված է, քանի որ խառնամուսնությունները մեծ թիվ են կազմում, իսկ դրանց արդյունքում ծնված երեխաները՝ որպես տվյալ էթնոսի ներկայացուցիչ, հաճախ ոչ միայն կորցնում են իրենց ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական առանձնահատկությունները։ Այսօր մենք խնդիր ունենք ընտանիքը պահպանելու ոչ միայն ֆիզիկական, այլև ճիշտ, հայեցի դաստիարակություն տալու առումով։ Ինչքան էլ դպրոցը, պետությունը և մյուս օղակներն իրենց դերը կատարեն, միևնույն է, ազգապահպանության հիմնական գործառույթը վերապահվում է ընտանիքին և հատկապես մորը։ Եթե այդ շղթայում որևէ բան խեղաթյուրվում է, ապա մենք ունենում ենք մարդիկ, ովքեր խոսում են հայերեն, սակայն հայ հանրության համար որոշակի առումով կորած անհատներ են՚,- նշում է Էդգար Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հոռետես լինել պետք չէ, քանի որ ունենք շատ լավ սերունդ, որն այսօր գիտակցում է պետությանը տեր լինելու իր դերը, հայ լինելը և պատրաստ է հասարակական, քաղաքական, ռազմական դաշտում պայքարել պետության և հայրենիքի համար։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը, խոսելով տեղեկատվական և հոգեբանական պատերազմների մասին, անդրադարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող արտաքին տեղեկատվական հարձակումներին։ Վահրամ Միրաքյանն առանձնացրեց պատմական փաստերի խեղումը, որը ջանասիրաբար արվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ նպատակ ունենալով արդարացնել իրենց գործողությունները։ Ըստ բանախոսի՝ նման տեղեկատվության տարածումը տվյալ երկրներում և արտասահմանում առաջին հերթին խնդիր է մեզ համար։ Տեղեկատվության անվտանգության մասնագետի կարծիքով՝ այս իրավիճակում պետք է հստակ հակազդող քայլեր կատարվեն։

Հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես եկան նաև ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը (ՙԹուրք-ադրբեջանական քարոզչություն՚) և ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը (ՙՀայոց բանակ և նժդեհյան գաղափարախոսություն՚)։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ