Ուղիղ Հայաստանի սրտին խփեցին, Հայաստանը սպանեցին 27-ի օրը /վիդեո/
1999 թվականի հոկտեմբերի 27-ը չորեքշաբթի էր` Հայաստանի Ազգային ժողովում հերթական նիստն էր, Կառավարության հետ հարցուպատասխանի օրը: Ինչպես կասեր Մեծն Հրանտ Մաթեւոսյանը, այդ օրը ուղիղ Հայաստանի սրտին խփեցին, Հայաստանը սպանեցին 27-ի օրը:
13 տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, երբ Կառավարության անդամները ԱԺ-ում էին, իսկ կենտրոնական ամբիոնի մոտ օրենսդիրների հարցերին էր պատասխանում ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը, ԱԺ նիստերի դահլիճի երկու դռներից միաժամանակ դահլիճ ներխուժեցին երկու երիտասարդ եւ տեղում կրակահերթեր տեղացին:
Պատգամավորներն ու լրագրողներն անմիջապես գետնին պառկեցին, բայց արդեն զոհեր կային:
Դահլիճում, ամբինում սպանվել էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը: Բազմաթիվ պատգամավորներ վիրավորվեցին, մոտ 50 հոգի, այդ թվում` Կառավարության անդամներ պատանդի կարգավիճակում էին:
Հետո պիտի պարզվեր, որ ոճրագործը Նաիրի Հունանյանն էր իր խմբի հետ, սակայն էլի Մաթեւոսյանի խոսքով, բոլորս ենք մեղավոր հոկտեմբերի 27-ի համար:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց:
“Հոկտեմբերի 27-ի (բառը այդպես էլ չենք գտնում) դժոխքից հետո… Ազգս ցույց տվեց իր վատթարագույն երեսը: Թումանյանի խոսքով՝ հանդուրժելու, սիրելու, ներելու վերաբերմունքն է մեզանից յուրաքանչյուրին պակասում… Կուզենայի, իսկապես, կուսակցություն ունենալ հանդուրժողների, տանողների, ներողների… Կուզենայի մեծահարուստ հրեա լինել՝ ահա այդպես, տոննայով ոսկի հրապարակ նետեի, եւ կերատաշտի շուրջը խաղաղվեին, հանգստանային եւ իրենց աշխատանքին դառնային:
Վատը հաղթեց: Վատը հաղթեց: Լավը նշանակություն չունեցավ, որ պարտված չմտնեինք նոր դարաշրջան: Վատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ: Բարոյականությունից զատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ, մտքով, առեւտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արեւմուտքի կովին, խոզդ՝ պարտված արեւմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արեւմուտքի միավորին… Եվ ահա թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ հավասարվենք, էս պարտված վիճակից դուրս գանք, միանանք աշխարհի ժողովուրդների շքեղ շքերթին՝ Աստված գիտի թե երբ: Հույս ունեմ, որ մեր ժամանակը եւ մեր երկիրը պատվախնդրությունը կունենա, որ իր ժամանակը եւ իր երկիրը ժողովուրդը ամայի անապատ չի թողնի”,-գրել է Հրանտ Մարգարյանը: