Շրջադարձային փոփոխություն Սահամանդրության նախագծում
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցուևթյան ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նախագահը գերլիազորություններ է ունենալու, քանի որ նրան անվստահություն հայտնելու մեխանիզմներ չկան:
«ՀԱԿ խմբակցության ղեկավարի բոլոր ելույթներում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ Ազգային ժողովի նախագահը դառնալու է երկրի ղեկավարը, քանի որ անփոփոխ է, որովհետև նրան ենթարկվելու են պետական իշխանության բոլոր մարմինները: Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այն դրույթը, ոստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ամբողջ ժամկետով, մենք հանելու ենք: Հիմա մենք դա հանում ենք, և Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունը Ազգային ժողովում: Հիմա մտածեք, թե այդ դեպքում ի՞նչ տեսություններ պետք է հորինվի, որպեսզի ապացուցվի այն թեզը, որ Ազգային ժողովի նախագահն է ղեկավարելու երկիրը»,- նշեց Վարդան Պողոսյանը:
Եզրափակելով խոսքը՝ Վարդան Պողոսյանն Ազգային ժողովին առաջարկեց մինչև հաջորդ քառօրյա նիստը հետաձգել սահմանադրական բարեփոխումների նախագիծը վերջնական տեսքի բերելու և խորհրդարանում այն վավերացնելու համար:
Վարդան Պողոսյանի ելույթից հետո ԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստը: