ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ ոլորտի դինամիկ աճի համար:
Գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների կարևոր ձեռքբերումների թվում նախարար Սերգո Կարապետյանը առանձնահատուկ կարևորել է Բելառուսից գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների ներկրման գործընթացը: Նախարարը նաև հավելել է, որ մատչելի պայմաններով առաջարկի դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել լրացուցիչ խմբաքանակի ներկրման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բելառուսական ներդրումներով Հայաստանում տրակտորների հավաքման արտադրամասի հիմնման հարցին: Դեսպանը նաև առաջարկել է բելառուսական արտադրության կոմբայններ ներկրել Հայաստան և իրականացնել ցուցադրական շահագործում` հայ ֆերմերներին տեխնիկայի հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:
Կողմերը երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններին` խթանելով ապրանքաշրջանառությունը:
Քննարկվել են նաև Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների վերապատրաստման, գյուղմթերքի արտահանումների և սննդամթերքի անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության սերտացման հարցերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարկայնության հետ կապերի բաժին