25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաց փնտրելը Զուրաբյանից հեռու է այնքան, որքան Լիլուի արվեստը Արամ Աբրահամյանից. Առավոտ

Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել` թեկուզ ելնելով ձայների այն բանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ կուսակցությունները անցած խորհրդարանական ընտրություններում: Բա էլ ո՞վ: Խաբված “Ժառանգությո՞ւնը”, չկողմնորոշված Դաշնակցությո՞ւնը: Գուցե “Նոր ժամանակնե՞րը” կամ ԱԻ՞Մ-ը:

Բայց, չգիտես ինչու, երբ այդ սովորական, ինքնըստինքյան հասկանալի գաղափարն արտահայտեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, դա ընկալվեց որպես սենսացիա եւ արժանացավ հանրապետականների կոշտ արձագանքին: Ընդ որում, այդ արձագանքի ինտոնացիան խիստ անհամապատասխան էր այն անձնավորությանը, որի մասին նրա գործընկեր պատգամավորները խոսում են: “Տեղ է ման գալիս”, “հաց է փնտրում”` դա Լեւոն Զուրաբյանից նույնքան հեռու է, որքան ինձնից, ենթադրենք, Լիլու անունով երգչուհու “արվեստը”:

Ինձ թվում է` եկել է ժամանակը, երբ պետք է ոչ միայն հրաժարվել անձնական վիրավորանքներից, այլեւ երեւույթների մասին դատել սառը` առանց էմոցիաների: Եթե ես, օրինակ, ասում եմ, որ մեր ընտրական խմբում Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ հավասար հիմունքներով կարող է մրցել Դանիան, դա չի նշանակում, որ ես հավանում եմ այդ երկու հավաքականներին կամ երկրպագում եմ նրանց: Ոչ, ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, պարզապես փորձում եմ օբյեկտիվորեն գնահատել բոլոր թիմերի ուժերը: Գուցեեւ սխալվում եմ:

Ճիշտ նույն ձեւով, կարծում եմ, պարոն Զուրաբյանն է սխալվում, երբ մտածում է, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միավորումը իշխանությունների համար մղձավանջ կլինի: Ինձ թվում է` դա կլինի իշխանությունների երազած տարբերակը, երկու ուժերն են այդ դեպքում խոցելի դառնալու: ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը “մարտի 1”-ի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն է` եթե նրանք “ներեն” այն ուժին, որը առնվազն կողմ է քվեարկել հատուկ դրությանը, 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, չի դատապարտել քաղբանտարկյալների առկայությունը եւ այլն, ապա ՀԱԿ-ը իր քաղաքական կապիտալը կկորցնի: Իսկ ԲՀԿ-ի ուժեղ կողմն է զուսպ, սոլիդ, հեղափոխական ծայրահեղություններից զուրկ գործելակերպը, որն անհամատեղելի է ՀԱԿ-ական “գավրոշների” հախուռն փողոցային պայքարի հետ: Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում երկու ուժերի միավորումը անպայման չէ, որ հանգեցնի դրանց գումարային արդյունքի:

Ինչ մնում է Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը նույն ջանադրությամբ պատասխաներ, օրինակ, գազի սակագնին վերաբերող նրա դիտարկումներին: Այստեղ իշխանությունը քար լռություն է պահպանում, որն այս հարցում մեզ լավ բան չի խոստանում:

Արամ Աբրահամյան,ԱՌԱՎՈՏ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ