ՀԷՑ-ից պարզաբանում են՝ որն է հոսանքի վճարման խառնաշփոթի պատճառը

ՀԷՑ-ի մամլո խոսնակը օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի վճարման հաշվարկների խառնաշփոթի հետ կապված պարզաբանում է արել, նշելով, թե նոր ծրագիր է ներդրվել, որտեղ 2 թիվ է մուտքագրված. մեկը, որը վճարելու է բաժանորդը, մյուսը՝ սուբսիդավորման ենթակա թիվը, որը նախապես հայտարարվածի համաձայն՝ կվճարի կառավարությունը: Նատալյա Սարաջյանը մասնավորապես ասել է, որ այս օրերին էլեկտրաէներգիայի փոխհատուցման հետ կապված խնդիրների պատճառն այն է, որ նոր գործարկվող ծրագիրը ադապտացված չէ բանկային ցանցերին: Այդ պատճառով էլ մուծումների հաշվարկներն առայժմ հասանելի չեն բաժանորդներին:
Հիշեցնենք, օգոստոսի 1-ից կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչեւ 500 կվտ-ժ էլեկտրաէներգիա սպառողների ծախսը: Ի դեպ, մամուլն այսօր էլ է ահազանգել, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների սեփականատերերը ահազանգում են, որ այս օրերին ՀԷՑ-ի տեսուչներն այցելում են իրենց ձեռնարկություններ ու առաջարկում պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված չափով: