07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,

Քաղաքական աշունը մտել է իր իրավունքների մեջ: Քաղաքական օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումներն են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկմանը՝ պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ակտիվ մասնակցում է դրանց: Այսինքն՝ քաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է: Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլեւ հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկմանը: Բնականաբար եթե կան կողմնակիցներ, կլինեն նաեւ ընդդիմախոսներ: Այնուհանդերձ, տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որեւէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում եւ փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանափոխության կոչերով: Հարկ է նշել, որ բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանափոխության հասնում են ընտրությունների միջոցով: Մինչդեռ կիրակի մեր երկրի մի շարք համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմությունը մրցակցային թեկնածուներ չունենալու պատճառով չմասնակցեց դրանց: Կարծում եմ՝ այս փաստը պետք է մտահոգի նախ եւ առաջ  ընդդիմությանը:

Հարգելի գործընկերներ,

Ադրբեջանը, մերժելով բանակցային գործընթացում առկա սկզբունքները եւ համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Նման վարքագիծը անթույլատրելի է եւ դատապարտելի: Ավելին՝ այն պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից: Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հանրապետության Նախագահը նշել է. «Ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»: Բանակցությունները փակուղի տանելու Ադրբեջանի բոլոր ջանքերը ենթակա են դատապարտման: ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ:

Մինչ Ադրբեջանի իշխանություններն ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: Դրա վառ ապացույցն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան եւ ժողովրդավարական լինելու փաստը:

Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ