Ռուբեն Հայրապետյանը չի պառկելու. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ վտանգը, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կպառկի էքսկավատորի տակ` անցել է։ “Հայրապետյանն ու “Հրազդան” մարզադաշտի սեփականատեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հաշտվել են:
Աղաբաբյանը “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել է, որ ամանորից առաջ ինքն ու ՀՖՖ նախագահը հանդիպել են, քննարկել մարզադաշտի շրջակայքում առեւտրի կենտրոն կառուցելու խնդիրը: Թերթը հիշեցնում է, որ Հայրապետյանը սպառնացել էր, որ առեւտրի կենտրոնի կառուցման դեպքում կպառկի էքսկավատորի տակ ու թույլ չի տա դրա կառուցումը:
Աղաբաբյանը “Հայկական ժամանակին” նաեւ ասել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ վերջնական որոշում չի կայացվել: “Մենք նորից ենք հանդիպելու հունվարի 15-ից հետո, այդ ժամանակ ամեն ինչ կորոշենք, դրական լուծումներ կլինեն: Մենք էլ զիջումների կգնանք, ինչ-որ չափով՝ իրենք էլ, որը կօգնի ընդհանուր գործին”,- ասել է պատգամավորը:
Ըստ նրա, առեւտրի կենտրոնը կառուցվելու է նախատեսված վայրից մի քիչ հեռու: