Գյուղատնտեսության աճը` 14.8 տոկոս
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին: Նախարարը ընդգծել է, որ աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում` թե բուսաբուծության և թե անասնաբուծության մեջ:
ԱՎԾ տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ընդ որում բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6 %, իսկ անասնապահությունում` 4.2 %: Նշված ժամանակահատվածում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145.4, իսկ անասնաբուծությանը` 183.0 մլրդ դրամ:
Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման ուղղությամբ գրացված դրական արդյուքները: Նրա խոսքով` այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է 74.4 %` 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:
2015 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ներկայումս ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա, որից ապակեպատ` 270, թաղանթապատ` 500 հա: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, մինչև տարեվերջ Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն ևս շուրջ 40-50 հա արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ:
2015 թվականի 7 ամիսներին անասնաբուծության համախառն արտա-դրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.2 %-ով և կազմել է 183.0 մլրդ դրամ: