Արվում է շատ լկտի ձեւով. «Ոչ թալանին»-ը նոր փուլ է սկսում /վիդեո/
«Սեպտեմբերի 1-ից սկսեցինք մեր պայքարի երկրորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը և հավելեց, որ պայքարի նոր փուլը պայմանավորված է նրանով, որ իրենք տեսել են՝ հերթական անգամ ակնհայտորեն ստել են քաղաքացիներին. «Ու դա արվում է շատ լկտի ձևով: Դրա համար որոշեցինք որևէ այլ բանի չսպասել, խաբկանքների մեջ չմտնել: Ինչպես դրել էինք հստակ պահանջը՝ չեղարկում»:
Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 11-ին սպասվում է հավաք-երթ, որն իրենց պայքարի մի մասն է. « Սեպտեմբերի 11-ին նորից դուրս կգանք ցույց տալու այն մարդկանց զանգվածը, ովքեր բողոքում են այդ որոշման դեմ, շարունակում են ու պահանջատեր են լինում»,- Մաքսիմ Սարգսյանը հավելեց, որ մինչ սեպտեմբերի 11-ը՝ սեպտեմբերի 10-ին, կլինի իրազեկման ավտոերթ, որը կմեկնարկի Երևանի Բրազիլիայի հրապարակից ժամը 17:00-ին: Բանախոսը նշեց, որ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին:
Հիշեցնենք, «Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ: