2015թ. օգոստոսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների 2015թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, կամ հավելաճը կազմել է 4.8%, որում` պարենային ապրանքների հավելաճը կազմել է 5.2%, ոգելից խմիչքների և ծխախոտի հավելաճը կազմել է 2.1%, ոչ պարնեային ապրանքներինը` 5.9%, իսկ ծառայություններինը` 3.4%:
Գները տնտեսության մեջ հիմնականում կատարում են՝ հաշվառման և կարգավորման, խթանման, բաշխման և վերաբաշխման, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության կարգավորման գործառույթներ: Եվ այս իմաստով անհրաժեշտ է տնտեսության մեջ ապահովել որոշակի գնաճային մակարդակ, սակայն պետք է տիրի հարաբերական կայունություն, որպեսզի բիզնեսը կարողանա պլանավորել և իրագործել իր առջև դրված նպատակները:
Այս առումով 2015թ. սկզբի ամիսներից սպառողական գները կայուն դինամիկա չեն ցուցաբերում, այսպես հունվարից մինչև օգոստոս սպառողական գների հավելաճը նախորդ ամսվա նկատմամբ համապատասխանաբար կազմել է` 2.5%, -0.1%, -0.1%, -0.4%, -0.5%, -1.4%, -2.2%, 0.1% և այդպիսով 2015թ. օգոստոսին 2014թ. դեկտեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.9%:
Այս անկայուն դինամիկան հիմնականում պայմանավորված է այս տարվա բուսաբուծության մոտ 30%-անոց առաջարկի ավելացմամբ` որը իր հերթին հանգեցրել է գյուղատնտեսական ապրանքների գների իջեցման, նախորդ տարվա դեկտեմբերին գրանցվաց ֆինանսական անկայուն իրավիճակով, որի հետևանքով դրամ դոլար տատանման թափը շատ մեծ չափսերի էր հասնում, որն էլ հանգեցնում էր գների աճին, և կա ևս մեկ գործոն դա պահանջարկի նվազում է` տրանսֆերտների նվազման հետ կապված:
Եթե չեզոքացնենք գյուղատնտեսական ապրանքների գործոնը, այսինքն դիտարկենք բնականոն գնաճը ապա ստացվում է, որ ՀՀ-ում 2015թ.-ից սկսած գները հավելաճը ամիսը ամսվա նկատմամբ միջինում նվազում է -0.1% մինչև -0.4%-ով: Ինչի հետևանքով 12 ամսյա բնականոն գնաճը կազմել է 2.2%:
Ընդհանուր առմամբ 12ամսյա գնաճը օգոստոսին գտնվել է թիրախային մակարդակում, կազմելով 3.6%, սակայն այս տարվա ընթացքում արձանագրվում է շարունակական գնանկում, ինչը բացասական ալիքներ է հաղորդում բիզնես միջավայրին: