Ի՞նչ է ասել Պուտինը Սերժ Սարգսյանին.«Ժամանակ»
Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո սրված հայ-ադրբեջանական լարվածությանը հաջորդեց սեպտեմբերի 4-ին Կրեմլից ազդարարված Պուտին-Սարգսյան հանդիպումը Մոսկվայում:
Հանդիպումից հետո պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, հերթապահ ձևակերպումներ են հայ-ռուսական հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պերմյակովի գործը փոխանցելու համար, խոսել է սպառազինության 200 միլիոն վարկի մասին և նոր լուծումների հույս հայտնել էներգետիկայի սակագների ոլորտում:
Ավելի մանրամասներ հայտնի չեն, հայտնի չեն նաև, թե կա՞ն արդյոք դրանք, կա՞ն արդյոք, եղե՞լ են այս ամենի մասով որևէ պայմանավորվածություններ Պուտինի հետ: Վերջապես պարզ չէ, թե ինչ է մտածում ու ինչ է ասել Պուտինն այս հարցերի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների ու տարածաշրջանային իրավիճակի մասով:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է լուծումներ որոնել ղարաբաղյան հարցում: Սա, ըստ էության, նշանակում է, որ հանդիպման օրակարգում եղել է որևէ լուծման առաջարկ: Սակայն պետք է ենթադրել, որ Սարգսյանը այդ առաջարկի կապակցությամբ կա՛մ մերժում է տվել, կա՛մ դեռևս չի տվել որևէ պատասխան: Հակառակ պարագայում Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ չէր շտապի մատնել առաջարկը, և առավել ևս չէր հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին ավելի մանրամասն կխոսի ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Տաջիկստանում:
Սա երևի թե ամենաուշագրավ հայտարարությունն է եղել մոսկովյան հանդիպման ընթացքում, և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ համաձայնեցրել է որևէ առաջարկ ՀԱՊԿ-ին: Թե ինչ առաջարկի մասին է խոսքը՝ շատ դժվար է ասել: Սակայն չի բացառվում, որ Պուտինը փորձում է ղարաբաղյան հակամարտության գործընթացում ակտիվացնել ՀԱՊԿ-ի դերը և միգուցե այդպիսով նախաձեռնությունը վերցնել Մինսկի խմբից: Չի բացառվում, որ Լավրովը սա համաձայնեցրել է նաև Բաքվում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: