Նաիրա Զոհրաբյանը՝ Յուվեցի Կարոյին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո ) հայտարարություններին, ասաց, որ ցանկություն չունի դրանք մեկնաբանելու:
Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտարարել է, որ Նաիրա Զոհրաբյանն իր անձնական թշնամին է, քանի որ օգնել է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին կալանքից ազատելու հարցում. «Ով իմ թշնամուն օգնում է, ինքն այդ թշնամուց չի տարբերվում»,- ասել էր Կարո Կարապետյանը:
«100 անգամ էլ, որ նման դեպք լինի, որ իմ գործընկերներից որևէ մեկը հայտնվի այն վիճակում, ինչ վիճակում հայտնվել էր տիկին Ենոքյանը, ես և իմ թիմակիցները լինելու ենք իր կողքին և եթե այսօր, Աստված չանի երբևէ, Կարո Կարապետյանը ինքը հայտնվի այն վիճակում ինչ վիճակում հայտնվել էր 70-ն անց կինը, ես այսօր էլ Կարո Կարապետյանի կողքը կկանգնեմ»,- հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը: