ReAnimania-ն մեծահասակների ֆիլմարվեստ է
ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին այս տարի ներկայացվել է 400 ֆիլմ` 40 երկրից: Այն կկայանա նոյեմբերի 3-9-ը` Երեւանում:
“Մենք 4 տարի ունենալով բազմաթիվ խնդիրներ, կարողացել ենք գոյատեւել: Այս տարի հյուրերի թիվն ավելի քիչ է լինելու, քանի որ հինգամյակի կապակցությամբ անակնկալներ ենք պատրաստել: Կարեւորություն ենք տվել վարպետության դասընթացներին, որոնք կվարեն Գերմանիայից, ՌԴ-ից եւ Բրազիլիայից ժամանած մասնագետները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի հիմանդիր Վրեժ Քասունին: Նրա խոսքով, ֆիլմերը ցուցադրվելու են գրեթե անվճար կամ սիմվոլիկ վճարի դիմաց:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանն ասաց, որ փառատոնը պետք չէ շփոթել մուլտֆիլմերի փառատոնի հետ: Սա մեծահասակների ֆիլմարվեստ է, իսկ երեխաների համար մուլտֆիլմեր կցուցադրվեն Խնկո-Ապոր անվան գրադարանում:
Փառատոնն ունի 6 մրցութային ծրագիր` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, հեռուստատեսային գովազդ, ինչպես նաեւ մանկական ընտրություն:
Բացման արարողությունը կլինի “Մոսկվա” կինոթատրոնում, իսկ փառատոնի շրջանակներում կներկայացվեն մրցութային եւ հատուկ ծրագրեր, բացօթյա ցուցադրություններ են լինելու Սիրահարների այգում: